• Latest news

Գիտնականները աչքի կաթիլներ են ստեղծել գիշերային տեսողության համար

30 մարտի, 2015  11:44

Իրենց «բիոհաքեր» անվանող գիտնականներից կազմված խումբը աչքի կաթիլներ է ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս տեսնել մթության մեջ: Կաթիլները փորձարկվել են մի կամավորի վրա, որն իսկապես կարողացել է տարբերել առարկաների ուրվագծերը մթության մեջ:

Կաթիլների ստեղծման համար գիտնականները լույսի նկատմամբ զգայուն «քլորինեբ» (Ce6) մոլեկուլ են օգտագործել, որը քլորոֆիլի անալոգն է: Նշենք, որ քլորոֆիլը ստանում են ջրիմուռներից եւ օգտագործում քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար:  Դեռեւս մի քանի տարի առաջ մի վարկած էր առաջ քաշվել, որի համաձայն՝ Ce6–ի ներարկումը աչքի մեջ կարող է դրական ազդել ցանցաթաղանթի՝ մթության մեջ տեսնելու հատկության վրա: Գիտնականները մի կամավոր գտան, որը պատրաստ էր փորձարկել իր վրա այդ տեխնոլոգիան:

Կամավորի աչքերը լվացել են եւ զգուշությամբ ֆիքսել՝ թույլ չտալով թարթել, որպեսզի լուծույթը չխառնվի արցունքների հետ: Այնուհետեւ նրա ամեն մի աչքին կաթացրել են Ce6 պարունակող լուծույթի երեք չափաբաժին (50 մկլ): Կաթիլների առաջացրած սեւ գույնը շուտով անցել է, եւ կամավորի աչքերը սկսել են փորձարկել:

Գիտնականների խոսքով՝ մեկ ժամ անց կամավորը կարողանում էր մթության մեջ տարբերել 10 մետր հեռավորության վրա գտնվող առարկաների ուրվագծերը: Ժամանակի ընթացքում այդ էֆեկտն ամրապնդվել է, եւ այն հեռավորությունը, որի վրա կամավորը կարողանում էր տարբերել առարկաները, հասել է 50 մետրի: Այդ հեռավորության վրա կամավորը 100 տոկոս ճշգրտությամբ իդենտիֆիկացրել է առարկաները, այնինչ վերահսկողական խումբը նույնը կարողացել է անել միայն դեպքերի 33 տոկոսում:

Այնուհետեւ փորձարկումները շարունակել են գիշերային անտառում, որտեղ կամավորն ու վերահսկողական խմբից մի քանի հոգի պետք է տեսնեին եւ լազերի միջոցով ցույց տային, որտեղ են գտնվում մնացած մարդիկ: Այս առաջադրանքը եւս ավելի արդյունավետ կատարել է «գիշերային տեսողությամբ» մարդը:

Փորձարկումից հետո կամավորը ստիպված էր արեւային ակնոց կրել՝ աչքերն անվնաս պահելու համար, սակայն առավոտյան կաթիլների հետքերն անհետացել էին: Բժիշկները 20 օր հետեւել են տղամարդու աչքերի առողջությանը եւ կողմնակի որեւէ ազդեցություն չեն հայտնաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել