• Latest news

NEWS.am Medicine-ի հարցումը. Հայաստանի բնակիչների 82 տոկոսը դեմ է ալյուրի հարստացմանը

5 սեպտեմբերի, 2015  13:23

NEWS.am Medicine-ի հարցումը պարզել է, որ Հայաստանի բնակչությունը խիստ բացասաբար է վերաբերվում ալյուրը միկրոտարրերով հարստացնելու Առողջապահության նախարարության ծրագրին։ 4854 մարդու շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ընդամենը 9 տոկոսն է (425 մարդ) կարծում, որ դա անհրաժեշտ է։ 250 մարդ՝ 5 տոկոսը, չի կողմնորոշվում, 206 մարդ էլ խոստովանել է, որ առաջին անգամ է այդ մասին լսում։ Իսկ մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 3973 մարդ կամ հարցվածների 82 տոկոսը, դեմ է: Կանխատեսելով հնարավոր առարկությունը, որ հարցման մասնակիցները մասնագետներ չեն, նշենք, որ առաջարկվող ծրագիրը վերաբերում է հանրային առողջապահությանը եւ ցանկալի կլիներ, եթե այդ հարցում կոնսենսուս լիներ:

Համառոտ հիշեցնենք խնդրի էությունը.

Ծրագիրն առաջարկում է ալյուրի 80 տոկոսը հարստացնել ֆոլաթթվով ու երկաթով ՝ մեր սննդակարգում այդ միկրոտարրերի պակասը լրացնելու նպատակով: Նշվում է, որ վերարտադրողական տարիքի կանանց մոտ ֆոլաթթվի պակասը հանգեցնում է նրան, որ երեխաները կարող են ծնվել նյարդային խողովակի ճեղկվածքով, իսկ երկաթի պակասը հանգեցնում է անեմիայի՝ հիմնականում կանանց ու երեխաների մոտ, ինչը նույնպես լի է վտանգավոր հետեւանքներով: Ներկայացվում են վերջին տարիների մի քանի հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն Հայաստանի բնակչության 37 տոկոսի մոտ կա երկաթի պակասով պայմանավորված անեմիա: Հավաստիացնում են, որ ըստ ԱՀԿ-ի, անեմիայի՝ 10 տոկոսը գերազանցող ցուցանիշների դեպքում առավել արդյունավետ ռազմավարություն է համարվում ալյուրի զանգվածային հարստացումը:

Տվյալ ծրագրի ընդդիմախոսները հավաստիացնում են, որ ֆոլաթթվի պակասը կարելի է լրացնել ոչ թե ալյուրի մեջ խառնուրդներ լցնելով, այլ վերականգնելով ալյուրի բնական բաղկացուցիչները, որոնք աղալիս թեփի հետ միասին հանվում են ալյուրի միջից: Այսինքն առաջարկում են վերականգնել Հայաստանում ի սպառ վերացած ՝ ցածր կարգի ալյուրի արտադրությունը: Ավելին ՝ նրանց խոսքերով, Հայաստանում ֆոլաթթվի պակասի խնդիրն առհասարակ չի կարող այդքան սուր լինել, քանի որ մեր սննդակարգում շատ է կանաչին, որը նույնպես պարունակում է այդ թթուն: Ինչ վերաբերում է երկաթի պակասին՝ ապա այն նույնպես հնարավոր է լրացնել ՝ սննդակարգում բավարար քանակությամբ միս ընդգրկելով, ու կառավարությունը կարող էր իր ջանքերն ուղղել այդ մթերքն ավելի հասանելի դարձնելուն:

Ծրագրի ընդդիմախոսները հիմք են ընդունում կանադական գիտնականների հետազոտությունը, որի համաձայն մեծ քանակության ֆոլաթթուն կարող է սադրել քաղցկեղային ուռուցքների աճ: Ոչ թե դրանց առաջացման պատճառ դառնալ (հարստացմանը կողմ արտահայտվող մասնագետները մշտապես առարկում են, որ ֆոլաթթուն քաղցկեղածին չէ ), այլ սադրել աճը:

Բժիշկները, որոնք դեմ են այս ծրագրին, նշում են, որ անհրաժեշտության դեպքում հղի կանանց նշանակվում է ֆոլաթթու, ու ոչ մի անհրաժեշտություն չկա այն ալյուրի մեջ ավելացնել բոլորի համար, իսկ ինչ վերաբերում է երկաթին, նրանք նախազգուշացնում են, որ դրա պակասը շատ ավելի հեշտ է բուժվում, քան ավելցուկը:

Ծրագրի կողմնակիցները չեն ժխտում, որ չզտված ալյուրից հացի արտադրությունը խնդրի լուծում կարող է լինել, բայց հավաստիացնում են, որ նման արտադրության վերականգնումը շատ ավելի ծախսաշատ ու ժամանակատար գործընթաց է, քան խառնուրդների հավելումը, ու բիզնեսը դրան պարզապես չի համաձայնի: Նույնը վերաբերում է նաեւ մսին ՝ զգալիորեն ավելի հեշտ է ալյուրի մեջ քիմիա լցնելը, քան ժողովրդին մսով կերակրելը: Իսկ ինչ վերաբերում է ֆոլաթթվի ու երկաթի ավելցուկի խնդրին, ապա նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ հստակ չափավորված է լինելու ու հաշվարկված, այնպես որ ավելցուկ չի կարող լինել:

Սա այն, ինչ վերաբերում է՝ այսպես ասած գիտական մակարդակում կողմ ու դեմ փաստարկներին: Իսկ քաղաքական մակարդակում պետք է նշել, որ ժողովուրդը պարզապես կառավարությանն այնաստիճան չի վստահում, որ չի հավատում նույնիսկ առողջապահության ոլորտում նրա բարի նպատակներին: Իսկ այլ հարթությունների վրա խոսում են խառնուրդներ արտադրող կորպորացիաների շահերի, Առողջապահության նախարարության ղեկավարության շահագրգռվածության, Հայաստանի բնակչության թվաքանակը կրճատելու նպատակով կազմակերպված դավադրություն, նաեւ այն մասին, որ այս ծրագրի ընդդիմախոսները ալրաղացային բիզնեսի շահերն են պաշտպանում, քանի որ այդ բիզնեսը վախենում է ծրագրի ներդրումից ՝ ստվերային շրջանառության չափազանց մեծ տոկոսի պատճառով, որը խառնուրդների համար նախատեսված չափիչներ տեղադրելուց հետո այլեւս չի հաջողվի թաքցնել:

Ինչեւէ, ծրագիրը բացասաբար է ընկալվում հասարակության կողմից, եւ Առողջապահության նախարարությունը ստիպված է հաշվի նստել դրա հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել