• Latest news

Ներգանգային ճնշումը չափելու նոր` ոչ ինվազիվ մեթոդ. HS-1000 սարքը «լսում է» ուղեղը

22 մարտի, 2016  01:25

Ներգանգային ճնշումը (ՆԳՃ, ICP) չափելու ոչ ինվազիվ սարք է մշակվել իսրայելական HeadSense Medical Ltd ընկերության կողմից: HS-1000 անունով սարքն այսօր փորձարկվում է աշխարհի շատ կլինիկաներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում եւ Եվրոպայի մի շարք երկրներում, ինչպես նաեւ Հայաստանի մի քանի հիվանդանոցում: Ամերիկյան  FDA գործակալությանը հայտ է ներկայացվել վաճառքի թույլտվություն ստանալու համար: Եվրոպական հավաստագիր սարքն արդեն ունի (CE): 

HeadSense Medical ընկերությունը զբաղվում է հիվանդի վիճակի մոնիտորինգի եւ ցերեբրալ դիսֆունկցիաների ախտորոշման ոչ թանկարժեք, օգտագործման մեջ պարզ սարքերի մշակմամբ: HS-1000-ը ընկերության առաջին արտադրանքն է:  

Գաղափարի հեղինակը եւ սարքի մշակողը, ինչպես նաեւ HeadSense Medical ընկերության համահիմնադիրը եւ գիտական տնօրենը մեր հայրենակից Սուրիկ Պապյանն է, որը ներկայումս Իսրայելում է ապրում: Երեւանում նա աշխատանքային այցով է գտնվում` Ալեքսանդրա Լեւինսկիի հետ, որն ընկերությունում պատասխանատու է ալգորիթմիկայի մշակման համար: Այստեղ` Երեւանում, ընկերության համար գիտական հետազոտություններ են իրականացվում, մշակվում են էլեկտրոնային եւ ծրագրային  հանգույցներ: 

Սուրիկ Պապյան եւ Ալեքսանդրա Լեւնիսկի

Որն է առաջարկվող մեթոդի էությունը: Պատկերավոր ասած, HS-1000-ը «լսում է» մեր ուղեղը: «Մեր ուղեղը, ինչպես եւ ամբողջ օրգանիզմը,-պարզաբանում է Սուրիկ Պապյանը, –իր աշխատանքի ընթացքում աղմուկ է անում, բայց «աղմկում է» ցածր հաճախությունների վրա, այդ պատճառով մենք դա չենք լսում:   Մեր արյունատար համակարգի արտազատած ձայները կարելի է համեմատել ջրատար համակարգի ձայների հետ: Անոթների նեղացած եւ լայնացած հատվածներով անցնելիս արյունը այլ կերպ է «աղմկում», քան նորմալ անոթներով անցնելիս»:

Այդ ձայները կարելի է «լսել»` միկրոֆոն տեղադրելով ականջախեցու մեջ, որովհետեւ արտաքին լսողական անցուղին, հերմետիկորեն փակ լինելով, յուրահատուկ ռեզոնատոր է եւ նախագծի մեկ այլ մասնակցի, Հայաստանի ԳԱԱ-ի Ֆիզիոլոգիայի ինստիտուտի փսիխոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Խաչունցի պատկերավոր ձեւակերպմամբ,  «երգեհոնային խողովակի» պես մի բան է:

Ճիշտ ինչպես փորձառու մեխանիկը շարժիչի աղմուկով կարող է որոշել մեքենայի անսարքությունը, HS-1000-ը ձայնի փոփոխությամբ կարող է որոշել ուղեղի աշխատանքի խանգարումները: Սարքում կիրառվող  մաթեմատիկական ալգորիթմները թույլ են տալիս դինամիկ եղանակով հաշվարկել եւ արտացոլել ներգանգային ճնշման մեծությունը:

Գիտականորեն ասած, HS-1000 –ը միկրոֆոնով զինված սարք է, որը տեղադրվում է ականջի մեջ եւ գրանցում է  ակուստիկ ազդանշանը, որի ձեւավորումն ապահովում են հեմոդինամիկ եւ լիկվորոդինամիկ գործընթացները (արյան եւ ուղեղային հեղուկի`լիկվորի տեղափոխությունները), վերին շնչուղիներում օդի հոսանքները եւ այլն:  

Ակուստիկ ազդանշանը փոխանցվում է պլանշետին, համակարգչին կամ բջջային սարքին, որի վրա հատուկ հավելված է տեղադրված:  Հավելվածը պարունակում է ներգանգային ճնշման մակարդակի եւ ֆիզիոլոգիական պարամետրերի հաշվարկման ալգորիթմ, որոնք անհրաժեշտ են հիվանդի վիճակը գնահատելու համար: Գրաֆիկական ինտերֆեյսն ապահովում է արդյունքների դուրս բերումը:  

Ինչու է այդքան կարեւոր ներգանգային ճնշումը վերահսկելը: Ինչպես նշում է Ալեքսանդր Խաչունցը, ՆԳՃ-ի բարձրացման դեպքում գլխուղեղի անոթների ճզմում է տեղի ունենում եւ ավելի քիչ արյուն է մատակարարվում ուղեղին, այդ պատճառով ՆԳՃ-ն  ուղեղի վնասվածքների եւ հիվանդությունների դեպքում մոնիտորինգի շատ կարեւոր պարամետր է:

Եթե պահը բաց թողնվի եւ իրավիճակը կրիտիկական դառնա, հաշվված րոպեների ընթացքում հնարավոր է կորցնել հիվանդին:

Որն է HS-1000-ի առավելությունը այլ ոչ ինվազիվ մեթոդների՝ ՀՏ-ի եւ ՄՌՏ-ի նկատմամբ:   Կրելիությունը, շարժականությունը, կիրառման պարզությունը եւ ցածր արժեքը: Ինչպես պարզաբանում է Ալեքսանդրա Լեւինսկին, ՀՏ-ն եւ ՄՌՏ-ն թանկարժեք մեթոդներ են, որոնք հիվանդի վիճակի ախտորոշման համար երկար ժամանակ են պահանջում: Դրանք թվային տեղեկություններ չեն ապահովում եւ  թույլ չեն տալիս մոնիտորինգի ենթարկել ՆԳՃ-ի փոփոխությունների դինամիկան: 

«Մեր սարքի միջոցով հաշվված վայրկյանների ընթացքում կարելի է չափել ՆԳՃ-ի արժեքը, ինչպես նաեւ հնարավոր է հիվանդի վիճակի մոնիտորինգ իրականացնել», - ասում է նա:

Շտապ դեպքերում օգտագործվում են վերահսկողության ինվազիվ մեթոդներ` ողնուղեղային պունկցիա, որը բավականին տարածված, բայց ոչ անվտանգ մեթոդ է: Այլ ինվազիվ մեթոդ է համարվում ներգանգային տարածք ճնշման սենսորի ներմուծումը:  Մեթոդն ուղեղի տրեպանացիա (շաղափում) է պահանջում եւ Ալեքսանդրա Լեւինսկիի խոսքով, օգտագործվում է միայն այն դեպքում, երբ մարդու գլուխը վիրահատում են կամ էլ նա արդեն գանգի վնասվածք ունի:  «Անընդունելի է անվնաս գլխով մարդու գանգի շաղափումը ՆԳՃ-ն չափելու համար», - ասում է նա: 

Իհարկե ուղեղի տրեպանացիան նաեւ դեկոմպրեսիոն ազդեցություն ունի, դրենավորման մեթոդով իջեցվում է ճնշումը, բայց դա հղի է բազմաթիվ խնդիրներով` արյունահոսությամբ եւ վարակմամբ, հավելում է Ալեքսանդր Խաչունցը:  Տրեպանացիայի համար կլինիկական պայմաններ են անհրաժեշտ եւ բարձր որակավորմամբ նեյրովիրաբույժ, այնինչ մեթոդը հիվանդներին օրերով հետեւելու հնարավորություն չի տալիս:  Գիտնականի խոսքով, այդ առումով անհնար է գերագնահատել ՆԳՃ-ի չափման այնպիսի ոչ ինվազիվ  սարքերի նշանակությունը, ինչպիսին է HS-1000-ն:

Ինչպես պարզաբանում են նախագծողները, ներկայումս իրենք աշխատում են, որպեսզի սարքը ոչ միայն չափի ներգանգային ճնշումը, այլեւ որոշ վիճակներ ախտորոշի: Մասնավորապես, առկա է արդյոք վազոսպազմ կամ ուղեղի անոթների անեւրիզմ:   «Մեր սարքի օգտագործման երրորդ կարեւոր ուղղությունը ուղեղի կաթվածների տեսակների ախտորոշումն է` իշեմիկ թե հեմորագիկ: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է նրանից, թե ուղեղի ինչ կաթվածի հետ գործ ունենք», - ասում է Ալեքսանդրա Լեւինսկին` հավելելով, որ իրենց սարքի այդ գործառույթը հատկապես պետք կգա առաջին բուժօգնություն տրամադրելու համար, երբ անհրաժեշտ կլինի արագ ախտորոշել ուղեղի կաթվածի բնույթը համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար:  HS-1000 –ի ապագա այլ կիրառություններն են ուղեղի ցնցման աստիճանի որոշումը եւ գանգուղեղային վնասվածքների ծանրության աստիճանի գնահատումը: Սարքը կարող է օգտագործվել նաեւ սքրինինգային ծրագրերում:  

Ալեքսանդր Խաչունցը եւս նշում է, որ տվյալ մեթոդի կիրառության սպեկտրը կարող է շատ լայն լինել: Բայց, նրա խոսքով, նույնիսկ եթե այդ սարքն ընդամենը հնարավորություն տա որոշելու` պետք է, թե ոչ դիմել բժշկի, դա արդեն շատ արժեքավոր կլինի: 

«Որովհետեւ մեթոդը շատ պարզ է, որակյալ բուժանձնակազմի ներգրավում չի պահանջում, կարելի է տնային պայմաններում օգտագործման նորմալ ինստրւկցիա գրել: Իսկ դա նոր հեռանկարներ է ստեղծում. սարքի ցուցմունքները կարելի է համացանցով ուղարկել բժշկին եւ այդ տվյալների հիման վրա ընտանեկան բժիշկը առանց հիվանդի այցելության  կարող է հիվանդի «հեռակա» կոնսուլտացիա անցկացնել», - ասում է նա: 

Իսկ վերջում Սուրիկ Պապյանը զվարճալի դեպք է պատմում, թե ինչպես քիչ էր մնում իրեն լրտեսի տեղ դնեին երեւանյան օդանավակայանում, երբ Երեւան հերթական այցից հետո իր HS-1000-ի համար պլատաների եւ միկրոֆոնների հավաքածու էր տանում: Միկրոֆոնները մաքսատան աշխատակիցների մոտ բարձր հետաքրքրություն են առաջացրել, իսկ երբ պատասխանելով նրանց հարցին, թե ինչի են պետք այդ միկրոֆոնները, ասել է, թե ուղեղն է լսում, նրանցից մեկը զարմացած հարցրել է.  «Մի՞թե հնարավոր է ուղեղը լսել»:  Մաքսատան աշխատողը ներողություն է խնդրել եւ կանչել է իր վերադասին, ինչպես պատկերավոր նկարագրում է Պապյանը, ավելի թանկարժեք կոստյումով մի մարդու: Ինքն արդեն պատրաստվել էր, որ ոչ մի տեղ էլ չի թռչելու: Սակայն ավելի թանկարժեք կոստյումով մարդը բարեհոգաբար էր տրամադրված եւ գնահատել է հայրենակցի ձեռքբերումները, բայց խնդրել է հաջորդ անգամ միկրոֆոնների հետ ուղեկցող փաստաթուղթ ունենալ:

Սուրիկ Պապյանը, Ալեքսանդրա Լեւինսկին, Արմեն Ղազարյանը եւ Ալեքսանդր Խաչունցը Հայաստանի երկրաբանական թանգարանում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել