ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է դարձել Եգոր Զայցեւը

26 ապրիլի, 2016  17:25

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է դարձել Եգոր Զայցեւը, որն անցյալում ղեկավարել է ԱՀԿ-ի երկրային գրասենյակը Բելառուսում: Այսօր` ապրիլի   26-ին նա ծանոթացել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նրան ներկայացնելու եւ Հայաստանի առողջապահական համակարգի ներկայացուցիչների հետ համագործակցության մի շարք այժմեական հարցեր քննարկելու համար Երեւան է եկել նաեւ  ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ժուժաննա Յակաբը: 

«Մենք մի շարք հարցեր ենք քննարկել մեր հաջողությունների, առողջապահության ոլորտում ռազմավարությունների եւ քաղաքականության մշակման, գլոբալ պրոցեսներին համապատասխան դրանց իրականացման վերաբերյալ», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Արմեն Մուրադյանը: 

«Իմ ներկայիս այցի նպատակն է քննարկել համագործակցությունն ու նոր խնդիրներն ու մարտահրավերները, որ կանգնած են աշխարհում եւ Հայաստանում առողջապահության համակարգի առաջ, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել այդ խնդիրների լուծման ուղիները», - ասել է ժուժանա Յակաբը: 

Խոսելով Հայաստանի առողջապահության համակարգում հաջողությունների եւ խնդիրների մասին, նախարարն ու ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը հաջողություն է արձանագրել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում եւ պատվաստման շատ արդյունավետ քաղաքականություն է իրականացնում: Սակայն ոչ վարակիչ հիվանդությունները երկրում լուրջ խնդիր են մնում, ամեն տարի մահերի մոտ 80 տոկոսի պատճառ դառնալով:

ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ նախարարի հանդիպմանը ներկա էր նաեւ Հրայր Ասլանյանը, որը ԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ղեկավարել է  1994-ից 2004-ին, եւ Թաթուլ Հակոբյանը, որը գրասենյակի ղեկավար է դարձել նրանից հետո եւ այսօր այդ պաշտոնը հանձնեց Եգոր Զայցեւին:  

Հիշեցնենք, որ Հայաստանը 1992-ին ԱՀԿ-ի անդամ էր դարձել, իսկ 1994-ին այստեղ բացվել է ԱՀԿ-ի գրասենյակը: Այս տարիների ընթացքում Առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ-ն   12 պայմանագիր են ստորագրել համատեղ երկամյա ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԱՀԿ-ի 2016-2017 թթ ծրագիրն արտացոլում է ԱՀԿ-ի նոր տեսլականը`  «Ավելի ամուր առողջություն Եվրոպայի բնակչության համար», ինչպես նաեւ այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնք ընկած են XXI  դարի համար եվրոպական քաղաքականության եւ ռազմավարության` Առողջություն -2020-ի հիմքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում