Ինչպես խուսափել օձի խայթոցից եւ առաջին օգնությունը խայթոցի դեպքում

3 մայիսի, 2016  12:51

Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում են օձեր հանդիպելու հավանականությունն ու վտանգը: Հայաստանում առավել հաճախ հանդիպող օձերի տեսակներից են իժը, վահանագլուխը եւ պղնձօձը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել որոշ կանոնների.

այնպիսի վայրերում, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, պետք է հագնել երկարաճիտ կոշիկներ անհրաժեշտ է ձեռքին ունենալ երկար փայտ` քայլելիս տեսադաշտը թփերից ազատելու եւ բացելու համար հարձակման դիրք ընդունած օձ տեսնելու դեպքում պետք է կանգ առնել եւ դանդաղ, աննկատ ետ քաշվել:

Օձը խայթելու դեպքում տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է խայթած վերջույթն ամուր կապել: Եթե ձեռքն է խայթել, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձր դիրքում: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, անհրաժեշտ է տուժածին հնարավորինս շատ ջուր տալ, լավ կլինի, եթե նա ընդունի նաեւ որեւէ հակահիստամինային միջոց: Այնուհետեւ, տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ եւ անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:

Առաջին օգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Կտրականապես արգելվում է ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը եւ դրա թունավոր ազդեցությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում