«Էրեբունի» ԲԿ-ում ներդրված նոր մեթոդը թույլ է տալիս խուսափել սրտի բաց վիրահատությունից

5 մայիսի, 2016  20:27

«Էրեբունի» բժշկական կենտրոնը նոր տեխնիկա է գործարկել: Ռոտաբլատոր անվանումով սարքը թույլ է տալիս ստենտավորել խիստ կրակալված կարծր անոթները. բարձր արագությամբ հորատիչը նախ մանրացնում է վահանիկները, բացում է անոթի բացվածքը, հետո այնտեղ ստենտ է տեղադրում:  

Այսօր` մայիսի 5-ին կենտրոնում առաջին անգամ փորձարկել են նոր սարքը, ինչի համար այստեղ է եկել լեհ մասնագետ` Բելստոկի համալսարանական կլինիկայի ինվազիվ սրտաբանության բաժանմունքի  ղեկավար Սլավոմիր Դոբժիցկին: 

Լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է, որ ռոտացիոն ատերէկտոմիան կիրառվում է բարդ ձեւաբանությամբ  պսակաձեւ անոթների վնասվածքների դեպքում,   ինչպիսիք են կրակալված աթերոսկլերոտիկ վահանիկները եւ երկայնակի ստենոզները: Նրա խոսքով, ռոտաբլատորի օգնությամբ անոթները նախ լայնացվում են, իսկ հետո ստենտ է տեղադրվում: 

Նա պատմել է, որ ռոտացիոն ատերէկտոմիան գիտական աշխարհում կիրառվում է  1980-ականների վերջից, սակայն լայն տարածում է ստացել վերջին  5-6 տարում, որովհետեւ նորագույն դեղապատ ստենտները հնարավորություն են տալիս ստենտավորել լուրջ բարդացումներով հիվանդներին եւ երկարաժամկետ հեռանկարում լավ արդյունք ունենալ: 

«Էրեբունի» ԲԿ-ի սրտաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը լրագրողների հետ  զրույցում պարզաբանել է, որ նոր մեթոդը հիվանդներին հնարավորություն է տալիս խուսափել բաց վիրահատությունից` շունտավորումից եւ խուսափել այն բարդացումներից, որոնք կապված են բաց վիրահատության հետ` անզգայացում, երկարատեւ վերականգնում, ցավոտություն եւ այլն: Նրա խոսքով, ռոտացիոն ատերէկտոմիայից հետո հիվանդը հաջորդ օրը կարող է տուն գնալ:  

Լեհ մասնագետն այսօր հայ գործընկերների հետ երկու վիրահատություն է կատարել ռոտաբլատորի կիրառությամբ, իսկ վաղվանից  «Էրեբունի» կլինիկայի մասնագետներն արդեն ինքնուրույն կվիրահատեն հիվանդներին այդ նոր տեխնոլոգիայով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում