«Դեղերի մասին» նոր օրենքը չի խրախուսում տեղական արտադրությունը. ՀԿ

24 մայիսի, 2016  21:43

Դեղերի, ինչպես նաեւ այլ ապրանքների տեղացի արտադրողներին պետք է խրախուսել, կարծում է Գայանե Խաչվանքյանը Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միությունից: «Դեղերի մասին» նոր օրենքը, նրա խոսքով, չի նախատեսում տեղական արտադրության խրախուսման որեւէ մեխանիզմ, եւ դա այս օրենքի գլխավոր թերություններից մեկն է: 

Գայանե Խաչվանքյանի խոսքով, Հայաստանում կան դեղերի շատ լավ արտադրողներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտասահմանում: Եթե Հայաստանում լինեին տեղի արտադրողներին օգնող եւ աջակցող օրենքներ, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Սակայն մեզ մոտ  առայժմ նման օրենքներ չկան, իսկ  «Դեղերի մասին» նոր օրենքն իր այսօրվա տեսքով ոչ մի կերպ չի թեթեւացնում տեղի արտադրողների կյանքը:  

Ավելին, 2015-ի դեկտեմբերին Հայաստանի դեղեր արտադրողները նամակներ ստացան Դեղերի փորձաքննության կենտրոնից, որոնցում ասվում էր, որ դեղերի գրանցման դեպքում նրանց այլեւս չեն վերադարձնի վճարված գումարի 75 տոկոսը: Դա, մասնագետների գնահատմամբ, տեղական արտադրության խթանման գործուն մեխանիզմ էր եւ եթե այսուհետ չլինի նաեւ այդ մեխանիզմը, տեղի արտադրողների համար ավելի վատ կլինի: 

Հիշեցնենք, որ Հայաստանի Դեղեր արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանը եւս համարում է, որ դեղերի տեղական արտադրությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի. Երկիրը կարող է իրեն պաշտպանված համարել, եթե արտադրվում է բնակչության օգտագործած դեղերի գոնե 25 տոկոսը: Սամվել Զաքարյանը վստահ է, որ տեղական դեղերը իրենց որակով չեն զիջում ներմուծվողներին, դրանք ոչ պակաս արդյունավետ եւ անվտանգ են: 

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում այսօրվա դրությամբ 8 տեղական արտադրող կա, դրանցից 3-ն աշխատում է GMP-ի ստանդարտներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում