Գլխուղեղի կաթված. առասպելներ եւ իրականություն

17 հունիսի, 2016  19:08

Հայաստանի բնակիչների շրջանում գլխուղեղի կաթվածի (ինսուլտի) վերաբերյալ մի քանի առասպելներ են արմատացել, որոնք խանգարում են հիվանդության  ժամանակին ախտորոշմանն ու արդյունավետ բուժմանը: Այդ իսկ պատճառով կաթվածը շարունակում է մնալ մահացության երկրորդ, իսկ հաշմանդամության՝ առաջին պատճառը: Այն մասին, թե այս առումով որոնք են ամենատարածված սխալները Հայաստանում, զրուցել ենք «Էրեբունի» ԲԿ Ցերերովասկուլյար Նեյրովիրաբուժության Ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի հետ:

Առասպել առաջին. «այն  կանցնի»

Երբ ի հայտ են գալիս ուղեղի կաթվածի առաջին ախտանշանները` օրինակ ձեռքի կամ ոտքի թուլություն կամ թմրածություն, մարդիկ մտածում են, որ լուրջ չի, կանցնի: Դրա արդյունքում հիվանդները ուշացումով են դիմում հիվանդանոց՝ կորցնելով հիվանդության բուժման ամենաարժեքավոր առաջին ժամերը։ Հարկ է շեշտել՝ «Առաջին ժամերը», երբ հնարավոր է իրականացնել ամենաարդյունավետ բուժումը։

Երբեմն, սակայն, հիվանդի ախտանիշները իրոք ինքնուրույն անցնում են, բայց ինչպես բժշիկն է նկատում, նման ընթացքը  սովորաբար նշանակում է, որ հիվանդի մոտ տեղի է ունեցել  այսպես կոչված տրանզիտորային իշեմիկ գրոհ, որը սովորաբար նախորդում է գլխուղեղի ծանր կաթվածին: Այս դեպքում եւս անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, քանի որ կա կաթվածի առաջացման մեծ վտանգ: 

Դավիդ Սահակյանը խորհուրդ է տալիս շատ ուշադիր լինել գլխուղեղի կաթվածի ախտանշաններին։ Վերջիններս առաջանում են հանկարծակի եւ հիմնականում դրանք են․ 

Ձեռքի եւ/կամ ոտքի  թուլություն, թմրածություն (հիմնականում միակողմանի), դեմքի ծռվածություն, խոսքի խանգարում, հավասարակշռության խանգարում եւ գլխոպտույտ, սրտխառնոց եւ փսխում, գլխացավ։

Ուշադիր պետք է լինեն հատկապես`  զարկերակային բարձր ճնշումով,  շաքարային  դիաբետով հիվանդները, ավելորդ քաշ ունեցողները և ծխողները:  

Առասպել երկրորդ. «եթե ցավ չկա` կարիք չկա անհանգստանալու»

Որպես կանոն, ցավով ուղեկցվում են միայն հեմորագիկ կաթվածները, երբ կա անեւրիզմայի (անոթի ախտաբանական լայնացում) պատռում եւ արյունազեղում։ Իշեմիկ կաթվածների դեպքում, երբ խցանվում է գլխուղեղի անոթը եւ ուղեղը սկսում է մահանալ, ցավ որպես այդպիսին չի լինում:  «Կաթվածները ուղեղի համար իսկական աղետ են. վտանգավորության եւ հրատապության տեսանկյունից դրանք նույնն են, ինչ հրազենային վնասվածքը կամ սրտի կաթվածը: Բայց քանի որ արտաքուստ արյուն չկա, ոչ էլ ուժեղ ցավ, ոչ ոք դրան որպես աղետի չի վերաբերում», - ասում է նա: Սակայն ինչպես նշեցինք, կաթվածները երկրորդ տեղում են գտնվում մարդասպան եւ առաջին տեղում՝ անաշխատունակութուն առաջացնող հիվանդությունների շարքում։ Այդ պատճառով բժիշկը հորդորում է վերոհիշյալ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես բժշկի դիմել:  

Առասպել երրորդ. «ուղեղի կաթվածը միայն մեծահասակների հիվանդություն է»

Թեեւ կաթվածը հիմնականում հանդիպում է մեծահասակների շրջանում, այն հանդիպում է նաեւ երիտասարդների և նույնիսկ երեխաների շրջանում։ Այստեղ կարեւոր է նշել, որ կաթվածի պատճառ կարող է դառնալ գլխուղեղի կամ պարանոցի վնասվածքը։

Առասպել  չորրորդ. «գլխուղեղի կաթվածով հիվանդի բուժումը կարելի է իրականացնել տանը»

Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գլխուղեղի կաթվածով հիվանդի բուժումը փորձում  են կազմակերպել տնային պայմաններում։ Ժամանակակից բժշկության ձեռքբերումների եւ եղած հնարավորությունների դեպքում տնային պայմաններում կաթվածի բուժումը անընդունելի է եւ սխալ, քանի որ տանը հնարավոր չէ իրականացնել ճշգրիտ ախտորոշում և հիվանդին առավելագույնս օգնել նպատակահարմար եւ արդյունավետ բուժումով։

Առասպել հինգերրորդ. «ուղեղի կաթվածով մարդուն չի կարելի տեղաշարժել»

Տարածված առասպել է: Երբեմն հիվանդին չեն տեղափոխում մասնագիտացված կենտրոն՝ վախենալով նրան տեղաշարժել։ Սակայն, հիվանդի համար ավելի վնասակար է ոչ լիարժեք ախտորոշումը եւ բուժումը, քան նրա տեղաշարժումը։  Եվ անգամ եթե հիվանդին բերել են հիվանդանոց, որը սակայն չունի բոլոր անհրաժեշտ ծառայությունները, պետք  է շտապ կարգով հիվանդին տեղափոխել մասնագիտացված բուժկենտրոն։

Այդպիսի կենտրոնը պետք է ունենա հետեւյալ ծառայությունները․Նյարդաբանություն, ճառագայթային ախտորոշման ծառայություն, Նյարդավիրաբուժություն, Ներանոթային նեյրովիրաբուժություն, Անոթային վիրաբուժություն, Վերակենդանացման բաժանմունք, Ռեաբիլիտացիայի ծառայություն, սրտաբանություն եւ առիթմոլոգիական ծառայություն։

Այն պետք է մշտապես պատրաստ լինի կաթվածով հիվանդին ընդունել եւ նվազագույն ժամկետներում կազմակերպել նրա ախտորոշումը և նպատակային բուժումը։

Վերը նշված ծառայությունների անհրաժեշտությունը բխում կաթվածների բուժման ժամանակակից պատկերացումներից։ Այն բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝

• Ախտորոշում։ Անհրաժեշտ է շտապ կարգով կատարել ճառագայթային հետազոտություն՝ գլխուղեղի ԿՏ հետազոտություն, իսկ երբեմն նաև ԿՏ-անգիոգրաֆիա, ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, կամ ՄՌՏ հետազոտություններ։

• Սուր փուլի բուժում․ կարող է լինել դեղորայքային, իսկ երբեմն նաեւ վիրաբուժական։

Դեղորայքային բուժումը իրականացվում է հիմնականում նյարդաբանների կողմից։ Այստեղ շատ կարեւոր է նշել իշեմիկ կաթվածների դեպքում «Ալտեպլազա» կոչվող դեղորայքի ներարկումը, որը ներկայումս հանդիսանում է բուժման ստանդարտ։ Այն քայքայում է անոթը խցանող արյան մակարդուկը։ Սակայն այն կարող է կիրառվել միայն հիվանդության առաջին 4,5 ժամվա ընթացքում։

Վիրաբուժական միջամտությունները իրականացվում են նեյրովիրաբույժների կողմից։ Ներանոթային վիրահատությունների շնորհիվ հնարավոր է անոթների միջով մտնել և հեռացնել անոթը խցանող մակարդուկը, լայնացնել նեղացած անոթի հատվածը կամ ամրացնել անոթի պատռված պատը։ Ներուղեղային արյունակույտերի դեպքում երբեմն անհրաժեշտ է վիրահատման միջոցով հեռացնել կուտակված արյունը։

Հիվանդի ծանր վիճակի դեպքում կարեւոր է հիվանդի բուժումը իրականացնել վերակենդանացման բաժանմունքի պայմաններում։

• Կանխարգելիչ բուժում․այն շատ կարեւոր է, քանի որ կաթվածի դեպքում առկա է կրկնակի կաթվածի մեծ վտանգ։ Այն իրականացվում է նյարդաբանների, իսկ երբեմն նաեւ նեյրովիրաբույժների, անոթային վիրաբույժների, սրտաբանների եւ առիթմոլոգների մասնակցությամբ։

• Վերականգնողական բուժում․ այն օգնում է հասնել հիվանդի առավելագույն ֆունկցիոնալ վերականգնման։ Այն պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ։

 Այս բոլոր ժամանակակից մեթոդները, այդ թվում` ներանոթային նեյրովիրաբուժությունը եւ «ալտեպլազա» դեղամիջոցով բուժումը, Դավիթ Սահակյանի խոսքով, հաջողությամբ կիրառվում են «Էրեբունի» ԲԿ-ում: Կենտրոնը սերտորեն համագործակցում է ԱՄՆ եւ Կանադայի բազմաթիվ կենտրոնների եւ մասնագետների հետ՝ մշտապես բարձրացնելու համար Հայաստանում կաթվածով հիվանդների բուժման արդյունավետությունը։

Առասպել վեցերորդ. կաթվածի բուժումը ժամանակակից մեթոդներով շատ ավելի թանկ է

Բժիշկը չի հերքում. այն  իրոք թանկ է առաջին հայացքից։ Սակայն կաթվածով հիվանդի ցանկացած տեսակի բուժման ծախսերի մեջ պետք է անպայման հաշվի առնել ոչ միայն անմիջապես սուր փուլում կատարվող ծախսերը, այլ նաեւ երկարատեւ վերականգնողական բուժման հետ կապված ծախսերը, ինչպես նաեւ անաշխատունակության կամ հիվանդի մահվան հետեւանքով կորցրած գումարը։

Ժամանակակից բուժումը նվազեցնում է վերականգնողական բուժման տեւողությունը, անաշխատունակության եւ մահացության հավանականությունը։ Արդյունքում, համընդհանուր հաշվարկով հիվանդության սուր փուլում մեծացող ծախսերը փոխհատուցվում են հիվանդի հետագա բուժման ծախսերի նվազեցումով, հիվանդի կյանքի և աշխատունակության պահպանումով։ Իսկ վերջին հանգամանքը ունի ինչպես ֆինանսական այնպես էլ մարդասիրական մեծ նշանակություն։

«Այսպիսով, գլխուղեղի կաթվածը հնարավոր է կանխարգելել եւ արդյունավետ բուժել։ Ամենակարեւորը, անհրաժեշտ է լինել տեղեկացված և ժամանակին դիմել մասնագիտացված բուժօգնության», – ամփոփում է Դավիդ Սահակյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում