Նոր թեստը կչափի վաղաժամ ծննդաբերության ռիսկը

25 հունիսի, 2016  18:37

Ավստրալիայի եւ Կանադայի գիտնականները թեստ են մշակել, որը 86 տոկոս ճշգրտությամբ կարող է որոշել վաղաժամ ծննդաբերության ռիսկը: Այդ թեստը հնարավոր է օգտագործել մինչեւ հղիության 18 շաբաթը, այսինքն հնարավոր վաղաժամ ծննդաբերությունից շատ առաջ: 

Կրեգ Պեննելը նշել է, որ թեստի անցկացման համար 18-20 շաբաթական հղիությամբ կանանցից արյան նմուշ են վերցնում. նրանց նաեւ հարցեր են տալիս այն մասին, թե ինչպես է ընթացել իրենց հղիությունը: Դրանից հետո տվյալները մտցվում են համակարգիչ, որտեղ հատուկ ալգորիթմի օգնությամբ հաշվարկվում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Հետազոտողները վերլուծել են   21 000 գենի արտահայտման մակարդակը եւ ի հայտ են բերել 6 գեն, որոնք կապված են վաղաժամ ծննդաբերության հետ: 

Մշակողների կարծիքով, թեստը կարելի է օգտագործել` ի հայտ բերելու նրանց, որոնք բարձր ռիսկի խմբի մեջ են մտնում (դա կարող է օգնել վաղաժամ ծննդաբերության կանխարգելմանը), ինչպես նաեւ որոշել, թե ինչ կանայք ժամանակին ծննդաբերելու բոլոր շանսերն ունեն: Թեստի ճշգրտությունը որոշվել է 2000 կնոջ մասնակցությամբ: Հեղինակները հույս ունեն, որ արդեն 3-4 տարուց թեստը հնարավոր կլինի օգտագործել կլինիկական պրակտիկայում: 

Հիշեցնենք, որ վաղաժամ ծննդաբերությունը բազմաթիվ վտանգներ է թաքցնում եւ կարող է երեխայի մահվան հանգեցնել: Բացի այդ, այն մեծացնում է մանկական ուղեղային կաթվածի, ուղեղի վնասվածքի, տեսողության եւ լսողության հետ կապված խնդիրների զարգացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում