Տասնյակ հեծանվորդներ անցել են Երեւանի փողոցներով՝ կրծքի քաղցկեղի մասին տեղեկություն տարածելով

30 հունիսի, 2016  20:44

Տասնյակ հեծանվորդներ անցել են Երեւանի կենտրոնական փողոցներով՝ նպատակ ունենալով երեւանցիների շրջանում տեղեկություններ տարածել կրծքի քաղցկեղի մասին: Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ ակցիան կազմակերպվել է Եվրոպա Դոննա կազմակերպության հետ համատեղ, որն օգնում եւ աջակցում է կրծքի քաղցկեղ ունեցող կանանց:

«Մեր ակցիայի նպատակն է՝ ուշադրություն հրավիրել առողջ ապրելակերպի եւ կրծքագեղձի առողջության խնդրի վրա»,- նշեց նա՝ հավելելով, որ հեծանվասպորտը Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, այդ պատճառով հեծանվարշավի միջոցով հնարավոր է մեծ ուշադրություն հրավիրել եւ մարդկանց հասցնել կրծքագեղձիի քաղցկեղի խնդրի լրջությունը եւ ժամանակին ախտորոշման կարեւորությունը:

Եվրոպա Դոննա կազմակերպության ներկայացուցիչներ Արաքսյա Դովլաթբեկյանն ու Հրաչյա Քոչարյանն իրենց հերթին նշեցին, որ ակցիայի շրջանակում ծրագրվում է անցորդներին տեղեկատվական թերթիկներ բաժանել ժամանակ առ ժամանակ հետազոտվելու կարեւորության մասին, եթե անգամ ոչ մի նախանշան չկա, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես կարող են կանայք ինքնահետազոտում անցկացնեն:

«Ուզում ենք, որ կանայք իմանան, որ հարկավոր է տարեկան մեկ անգամ հետազոտություն անցնել, հետեւել սեփական առոողջությանն ու սիրել սեփական անձը: Ժամանակին հայտնաբերված քաղցկեղը դատավճիռ չէ»,- ասաց Արաքսյա Դովլաթբեկյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում