Սիլիկոնային ձեռքի վրա հնարավոր կլինի սովորել ներարկումներ անել եւ արյուն վերցնել

16 հուլիսի, 2016  18:38

Stanford University-ի գիտնականները եռաչափ տպիչով հատուկ IV Injection Trainer տրենաժոր են տպել, որի վրա ուսանողները կարող են արյուն վերցնելու եւ ներերակային ներարկման հմտություններ ձեռք բերել:  

Տրենաժորն իրենից ներկայացնում է սիլիկոնային ձեռք, որի հանովի բլոկներից մեկը նախատեսված է ներարկումներ սովորելու համար:  Նման մեկ հատվածի վրա հնարավոր է մինչեւ 100 ներարկում անել, ինչից հետո անհրաժեշտ է փոխարինել այն: Բացի այդ, մեկնարկային լրակազմը զինված է ռետինե լարերով, ինչը թույլ է տալիս արյուն վերցնելու պրոցեդուրա նմանակել: 

Բժիշկները, որոնք արդեն առիթ ունեցել են մարզվել IV Injection Trainer-ի վրա, նշել են, որ այն իրոք շատ նման է իրականի. մակերեւույթը նման է իսկական մարդկային մաշկի, իսկ ասեղն այնպես է մտնում, ինչպես որ դա տեղի է ունենում իսկական հիվանդից արյուն վերցնելու ընթացքում: 

Նախագծողների խոսքով, այդ տրենաժորի օգնությամբ հնարավոր  է փորձել տարբեր իրավիճակներ մոդելավորել եւ ուսանողներին հնարավորություն տալ տարբեր իրավիճակներում եւ «տարբեր» հիվանդներից արյուն վերցնելու տեխնիկա ձեռք բերել:  

Լրակազմը 399 դոլար արժե, իսկ փոխարինիչ բլոկը 99 դոլար կարժենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում