Քաշի ավելցուկից ազատվելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը. Գիտնականներ

19 հուլիսի, 2016  16:46

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը մեծացնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, իսկ նիհարելը կարող է նվազեցնել այդ վտանգը: Fred Hutchinson Cancer Research Center (Hutch)-ի գիտնականների՝ այդ մասին պատմող հոդվածը հրապարակվել է Cancer Research ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշը հանգեցնում է արյունատար նոր անոթների առաջացման, ինչը կարող է քաղցկեղային ուռուցքների աճի լուրջ գործոն դառնալ: Քաշի ավելացմանը զուգահեռ՝ ակտիվանում են PAI-1, VEGF եւ PEDF սպիտակուցները, որոնք խթանում են անոթների աճը, իսկ դա նպաստում է ուռուցքային հիվանդությունների հետագա ակտիվացմանը:

Նիհարելիս օրգանիզմում վտանգավոր սպիտակուցների մակարդակը նվազում է՝ նվազեցնելով նաեւ քաղցկեղի առաջացման վտանգը եւ մեծացնելով արդեն իսկ քաղցկեղով հիվանդի ապաքինվելու հնարավորությունը: Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ ավելորդ քաշի կորուստը հանգեցնում է ճարպային հյուսվածքներում բորբոքային պրոցեսների նվազման եւ 25 տոկոսով փոքրացնում է ուռուցքի առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում