Նոր դեղամիջոցը Ալցհայմերի հիվանդության զարգացումը դանդաղեցրել է 80 տոկոսով

28 հուլիսի, 2016  23:48

LMTX կոչվող նոր դեղամիջոցը, որի մշակումը տեւել է մոտ 30 տարի, Ալցհայմերի հիվանդության դեմ իսկապես արդյունավետ է ստացվել: Այն թեստավորվել է հիվանդության չափավոր ծանրության տեսակով հիվանդների վրա, եւ դեղամիջոցի շնորհիվ հիվանդությունը սկսել է 80 տոկոսով ավելի դանդաղ զարգանալ:

Փորձին ընդհանուր մասնակցել է 891 մարդ: Մի մասն ընդունել է պլացեբո, մյուսները միայն թեստավորված դեղամիջոցը, իսկ երրորդ խումբը՝ LMTX, Ալցհայմերի հիվանդության բուժման այլ դեղերի համադրությամբ: Կուրսը շարունակվել է 15 ամիս: Մինչ հետազոտությունն սկսելը եւ դրա ավարտից հետո բոլոր մասնակիցները մտավոր ունակությունների գնահատման թեստ են անցել, նրանց նաեւ առաջարկվել է կատարել ամենօրյա գործընթացներ՝ ինքնուրույն ուտել եւ հագնվել: Գիտնականները նշել են, որ նրանք, ովքեր ընդունել են փորձնական դեղամիջոցը, ամենից քիչ է վատացում նկատվել, իսկ որոշ հիվանդների մոտ նույնիսկ վիճակի լավացում է նկատվել: Առավել արդյունավետ է եղել LMTX մոնոթերապիան, իսկ ահա նրա համադրությունը այլ դեղերի հետ վատագույն արդյունք է տվել:

LMTX-ը ներգործում է տաու-սպիտակուցից նեյրոֆիբրիլյարային պալարիկների վրա: Դրանց կուտակումը բետա-ամիլոիդների ձեւավորման հետ մեկտեղ համարվում է Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ ախտանիշ: Մշակված դեղամիջոցների մեծ մասը բետա-ամիլոիդի վրա ներգործում են, սակայն գործնականում ոչ մի այդպիսի դեղամիջոց կլինիկական փորձարկումների ժամանակ արդյունավետություն չի ցուցադրել: Հետազոտողները ենթադրում են, որ հատկապես նեյրոֆիբրիլյարային պալարիկներն են համարվում մարդկանց մոտ Ալցհայմերի հիվանդության զարգացման պատճառը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում