Ֆլորիդայում Զիկա վիրուսը փոխանցվում է տեղի մոծակների միջոցով

29 հուլիսի, 2016  20:27

ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում Զիկա վիրուսը կարող է փոխանցվել տեղի մոծակների միջոցով։ Նման եզրակացության են եկել ամերիկացի մասնագետները, որոնք ուսումնասիրել են նահանգում վերջին օրերին գրանցված 4 տարօրինակ դեպքերը։

«Այսօր մենք տեղեկացանք, որ մեր նահանգի 4 բնակիչներ մոծակի խայթոցի հետեւանքով վարակվել են Զիկա վիրուսով: Չորսն էլ ապրում են Մայամի-Դեյդ եւ Բրովարդ շրջաններում, եւ Ֆլորիդայի առողջապահության դեպարտամենտը ենթադրում է, որ վիրուսի ակտիվ փոխանցում կարող է տեղի ունենալ Մայամիի ոչ մեծ հատվածում»,- ասել է նահանգապետ Ռիկ Սքոթը հուլիսի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ նահանգում վիրուսի տարածում թույլ չտալու համար:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հետաքննել են Զիկա վիրուսի տեղային վարակման չորս դեպք: Վարակումը, ենթադրաբար, տեղի է ունեցել ԱՄՆ մայրքամաքային հատվածում, բայց թե ինչ ճանապարհով՝ անհայտ է: Հիվանդները չեն մեկնել այն երկրներ, որտեղ վիրուսը տարածված է:

Հիշեցնենք նաեւ, որ Ֆլորիդայում գրանցվել է Զիկա տենդի արդեն 383 դեպք, որոնցից 55-ը հղի կանայք են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում