Ինչ անել ջերմային հարվածի ժամանակ. ՀՀ ԱՆ

8 օգոստոսի, 2016  18:32

Լավ ինքնազգացողության, բարձր աշխատունակության եւ առողջության պահպանման պայմաններից մեկը օրգանիզմի ջերմակայուն վիճակի ապահովումն է: Մարդու ջերմային վիճակը կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի ջերմակարգավորման ինքնակարգավորվող մեխանիզմների միջոցով:

Ջերմակարգավորումն իրականացվում է ջերմագոյացման (քիմիական ջերմակարգավորում) եւ ջերմատվության (ֆիզիկական ջերմակարգավորում) պրոցեսների միջոցով:

Մարդու ջերմակարգավորման համակարգի կենսաբանական հնարավորությունները սահմանափակ են, եւ տաք միջավայրում երկարատեւ գտնվելու պայմաններում օրգանիզմը չի կարողանում պահպանել ջերմային հավասարակշռությունը: Տեղի է ունենում ջերմության կուտակում օրգանիզմում: Եթե մարդը շարունակում է այս պայմաններում մնալ, ապա օրգանիզմում շարունակվում է ջերմության կուտակումը, որը հանգեցնում է օրգանիզմի գերջերմացման. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 38-39°С, որը ուղեկցվում է գլխացավով, գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, փսխումով, դեմքի գերարյունությամբ (հիպերէմիա) եւ այլն: Այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել կյանքի համար:

Ջերմային անբարենպաստ պայմաններում մնալն ավելի է խորացնում վիճակը եւ հանգեցնում ջերմային հարվածի. մարմնի ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40-41°С, նկատվում է գունատություն, բբերի լայնացում, մակերեսային շնչառություն, զարկերակային ճնշման անկում (ջերմային կոլապս), գիտակցության կորուստ, ծանր դեպքերում՝ նյարդահոգեկան խանգարումներ:

Նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ.

• նախ տուժածին պետք է դուրս բերել տվյալ տարածքից եւ տեղափոխել ստվերոտ եւ զով տեղ,

• սառը թրջոցներ դնել արյունատար խոշոր անոթների շրջանում՝ թեւատակ, պարանոց՝ մարմնի ջերմաստիճանը իջեցնելու նպատակով,

• տուժածին տալ հեղուկներ եւ անմիջապես դիմել բժշկի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում