Սննդի գովազդն ազդում է երեխաների կողմից մթերքի ընտրության վրա

14 օգոստոսի, 2016  20:50

Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել սննդի գովազդի եւ երեխայի օգտագործած ուտելիքի քանակության միջեւ: Մասնագետների խոսքով՝ սննդամթերքի գովազդի հիմնական լսարանը երեխաներն ու դեռահասներն են: Գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է գովազդի դիտումն ազդում ուղեղի ակտիվության վրա:

Հետազոտության մասնակիցների կազմում եղել են 8-ից 14 տարեկան 23 երեխաներ: Նրանց առաջարկվել է փորձել 60 սննդամթերք եւ գնահատել դրանց համային եւ օգտակար որակները:

Մասնագետները երեխաներին հետեւել են գովազդային հոլովակների ցուցադրման ժամանակ: Ըստ որում՝ մթերքների գովազդը հերթագայվել է այլ գովազդով: ՄՌՏ օգնությամբ ֆիքսվել է ուղեղի ակտիվությունը: Սքանավորելիս երեխաներին հարցրել են՝ կցանկանայի՞ն, արդյոք, փորձել տեսած կերակուրը:

Հետազոտողները պարզել են, որ մթերք ընտրելիս կամավորներն առաջնորդվել են ոչ թե դրա օգտակարությամբ, այլ համով: Իսկ գովազդվող մթերքներն ընդհանրապես առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել: Այդ տվյալների հիման վրա էլ գիտնականները հաստատել են, որ մարքեթինգը ներգործում է նեյրոկենսաբանական եւ հոգեբանական գործընթացների վրա եւ երեխաներին ստիպում վնասակար մթերքներ ընտրել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում