Գիտնականներ. «5 վայրկյանի կանոնը» վտանգավոր առասպել է

12 սեպտեմբերի, 2016  16:37

Այսպես կոչված «հինգ վայրկյանի կանոնի մասին» շատերն են լսել. դրա համաձայն, եթե մարդը հասցնում է արագ բարձրացնել գետին ընկած սնունդը, պաթոգեն միկրոօրգանիզմները չեն հասցնում բարձրանալ դրա վրա եւ կարելի է այն ուտել, առանց առողջությանը վնաս հասցնելու: «5 վայրկյանի կանոնը» անցյալում հաստատել են Մեծ Բրիտանիայից ուսանողները եւ  «Առասպելներ ավերողներ» հաղորդման վարողները  (Mythbusters): Սակայն այժմ այդ գործը ստանձնել են իսկական գիտնականներ` Rutgers University-ի մասնագետները: Եվ նրանք պնդում են, որ կանոնը չի գործում, նշանակում է` գետին ընկած մթերքներն ուտելն ամեն դեպքում վտանգավոր է, կարեւոր չէ, թե որքան ժամանակ են մնացել այնտեղ: 

Փորձարկման շրջանակում գիտնականները հերթով  կերամիկական սալիկի, գորգի, ծառի մակերեւույթի եւ չժանգոտող պողպատի վրա սննդի չորս տեսակ են գցել` ձմերուկ,  հաց, կարագով հաց եւ չոր ծամովի կոնֆետ: Բոլոր մակերեւույթներին  նախապես տեղադրված էին Enterobacter aerogenes բակտերիայի նմուշներ, որը Salmonella-ի մոտ ազգականն է: Միկրոօրգանիզմների խտությունը չափել են   վարակված մակերեւույթի վրա ընկնելուց 1, 5, 30 եւ 300 վայրկյան անց: Անկման յուրաքանչյուր սցենարը կրկնվել է  20 անգամ եւ սնունդը մակերեւույթին գցելուց առաջ, գիտնականները թույլ են տվել, որ այդ մակերեւույթն ամբողջությամբ չորանա: 

Հայտնի է, որ բակտերիաները «չեն քայլում». տեղափոխության համար նրանց հեղուկ է անհրաժեշտ: Փորձարկումը ցույց է տվել նաեւ, որ որքան ավելի խոնավ է սնունդը, այնքան ավելի արագ են բակտերիաները տեղաշարժվում դրա մակերեւույթին: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ձմերուկն անհամեմատ ավելի շատ միկրոօրգանիզմներ է պարունակել, քան չոր կոնֆետը: 

Բնականաբար, որքան ավելի շատ ժամանակ է անցել սննդի ընկնելուց հետո, այնքան ավելի շատ են եղել դրանում միկրոօրգանիզմները: Սակայն ժամանակի գործոնը, որը գլխավորն է համարվում «հինգ վայրկյանի կանոնում», ամենակարեւորը չի եղել, որովհետեւ շատ դեպքերում սննդի մակերեւույթը կամ խտությունը ավելի կարեւոր դեր են խաղացել:  Այսպիսով` գիտնականները պարզել են, որ կանոնը փաստացիորեն չի գործում. բնականաբար,   ընկած սննդի վրա առաջին վայրկյաններին բակտերիաներն այնքան շատ չեն եղել, սակայն դրանք գրեթե վայրկենապես են տարածվում: 

Այսպիսով` եթե մարդը չի ուզում վարակվել որեւէ վարակիչ հիվանդությամբ, նա չպետք է սննդի մեջ օգտագործի գետին ընկած ձմերուկ, լոլիկ կամ այլ կարեւոր մթերքներ, հատկապես եթե դրանք բարձրացրել են փայտե հատակից  (որքան էլ տարօրինակ է, բակտերիաներով վարակման առումով ամենաանվտանգը եղել է գորգի մակերեւույթը): Այնպիսի չոր մթերքներ, ինչպիսին թխվածքաբլիթն է, գետնից ուտելը պակաս ռիսկային է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում