Շաքարային արդյունաբերությունն ինչ էր թաքցնում մեզնից. շաքարը սրտի համար նույնքան վնասակար է, որքան ճարպը

19 սեպտեմբերի, 2016  22:50

Այսօր ցանկացած մարդ լսել է, որ ճարպոտ սնունդը վնասակար է սրտի համար եւ սրտանոթային հիվանդությունների զարգացում է հրահրում: Շատ դիետոլոգներ եւ բժիշկներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս «քիչ ուտել ճարպոտ սնունդ»: Սակայն քչերը գիտեն, որ սրտի համար ոչ միայն ճարպն է վնասակար, այլեւ շաքարը: The New York Times-ի լրագրողները պարզել են նաեւ, թե ինչու են խնամքով թաքցվում շաքարի վնասակարության մասին տեղեկությունները:  

Նրանք ուշադրություն են դարձրել այն հետազոտությանը, որը հրապարկվել էր 2016 թվականի սեպտեմբերին` գրախոսվող ամսագրերից մեկում: Հրապարակման հեղինակները Սթենթոն Գլենցի ղեկավարությամբ ուսումնասիրել են դեռեւս 1967 թվականին New England Journal of Medicine-ում հրապարակված հոդվածի մասին տվյալները: Դրանում հետազոտվել է շաքարի եւ սրտի հիվանդությունների զարգացման միջեւ փոխկապվածությունը: 

Շաքար արտադրողները, որոնք Sugar Research Foundation կազմակերպության մեջ են մտնում, Հարվարդի համալսարանի գիտնականներին պատկառելի գումար են առաջարկել, որպեսզի նրանք հիշատակեն սրտի վրա միայն ճարպերի բացասական ազդեցությունը` լռելով այն մասին, որ շաքարի մեծ քանակությունը եւս հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման:  Արդյունքում գիտնականները հոդված են հրապարակել հենց այն հետազոտության մասին, որում խոսվել է սրտի վրա ճարպերի ազդեցության մասին, իսկ շաքարի մասին գիտնականները գործնականում չեն հիշատակել: 

Հիշեցնենք, որ հոդվածը հրապարակվել է 1967 թվականին, այդ ժամանակվանից շաքարի վնասի մասին սկսել են գնալով ավելի քիչ խոսել: Sugar Research Foundation-ը եւս մի քանի հետազոտական խմբի է հովանավորել, ինչի արդյունքում նոր հոդվածներ են հայտնվել, որոնցում հիշատակվել է սոսկ ճարպի բացասական ազդեցությունը, իսկ շաքարի մասին չի խոսվել:  Դիետոլոգները խորհուրդ են տվել ճարպի ցածր պարունակությամբ մթերքներ ուտել` մոռանալով հիշատակել, որ նման մթերքները սովորաբար շաքարի բարձր քանակություն են պարունակում, այդ պատճառով դրանց օգտագործումն իրականում կարող է քաշի կուտակման հանգեցնել, ինչն իր հերթին կարող է նպաստել սրտի հետ կապված խնդիրների առաջացման:  

Հագեցած ճարպերը համարվում էին (եւ այժմ էլ համարվում են) սրտանոթային համակարգի վրա բացասաբար ազդող կարեւորագույն գործոններից մեկը, իսկ շաքարի մասին ընդունված է խոսել միայն որպես «դատարկ կալորիաների», որոնք վնասակար են հիմնականում ատամների, առավելագույնը` կազմվածքի համար: Բայց ճշմարտությունն այն է, որ սրտին վնաս է ոչ միայն ճարպը, այլեւ շաքարը: Եվ առողջությունը պահպանել ցանկացող մարդկանց համար ցանկալի է սահմանափակել ոչ միայն ճարպի օգտագործումը, այլեւ` շաքարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում