Նոր մոլեկուլը «վատ» ճարպը «լավի» է վերափոխում

17 հոկտեմբերի, 2016  10:57

Beta-LGND2 կոչվող քիմիական նյութի ակտիվացումը Beta (ER-Beta) էստրոգենային ռեցեպտորների միջոցով կարող է օգնել ճարպակալման եւ նյութափոխանակության հիվանդությունների դեմ պայքարում: The FASEB Journal ամսագրում հրապարակված հետազոտությամբ, որն իրականացվել է մկների վրա, պարզվել է, որ այդ նյութն ընդունակ է «վատ» (սպիտակ) ճարպը վերափոխել «լավ» (շագանակագույն) ճարպի, որն արագացնում է նյութափոխանակությունը եւ նպաստում նիհարելուն:

Հետազոտության ընթացքում University of Tennessee Health Science Center-ին առընթեր Center for Cancer Drug Discovery-ի գիտնական Ռամեշ Նարայանանն իր գործընկերների հետ մկների մի խմբին կերակրել է կրծողների համար սովորական սննդով, իսկ մյուս երկու խմբերին՝ յուղոտ սննդով, որը ճարպակալում է առաջացնում: Վերջին երկու խմբերի մկներին նաեւ բուժել են beta-LGND2 նյութով, եւ այդ մկները շատ ավելի նիհար են եղել նրանցից, որոնք կերել են միայն յուղոտ սնունդ եւ այդ նյութը չեն ստացել: Այդ մկներն ունեցել են նաեւ բարձր ջերմություն եւ թթվածնի պահանջ, որը վկայում է մյուս մկների համեմատությամբ նյութափոխանակության արագացման մասին:

Այսպիսով, գիտնականները հանգել են եզրակացության, որ այդ նյութն օգնում է ճարպակալման դեմ պայքարին, քանի որ նյութափոխանակությունն արագացնում է եւ օգնում է ճարպային «վատ» բջիջները վերափոխել «լավի»:

«Շատերը կարծում են, որ ճարպակալումը կյանքի համար վտանգավոր չէ, մինչդեռ իրականում այն մի քանի պոտենցիալ մահացու հիվանդությունների պատճառ է դառնում: Այսօր մենք ճարպակալման դեմ պայքարի արդյունավետ միջոցների ծայրահեղ կարիք ունենք, եւ ER-β-ն կարող է այդ պայքարի արդյունավետ եւ անվտանգ ռազմավարություններից մեկը լինել»,- ասել է Ռամեշ Նարայանանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում