Ինչո՞ւ են որոշ մթերքներ միգրեն առաջացնում

21 հոկտեմբերի, 2016  20:23

Միգրենով տառապող մարդիկ հաճախ են ասում, որ այս կամ այն մթերքն օգտագործելիս իրենց մոտ նոպաներ են սկսվում: Ի՞նչ կապ կա միգրենի եւ սննդի միջեւ: Այս հարցն ուսումնասիրած University of California-ի գիտնականները հանգել են եզրակացության, որ առաջին հերթին միգրեն են հարուցում բերանի խոռոչում եւ աղիներում հաստատված բակտերիաները:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են բերանի խոռոչից վերցված 172 նմուշ եւ կղկղանքի գրեթե 2 հազար նմուշ: Հետազոտության բոլոր մասնակիցները տեղեկացրել են, թե իրենց մոտ որքան հաճախ է միգրեն նկատվում: Անտոնիո Գանսալեզը եւ նրա գործընկերները պարզել են, որ միգրենով տառապող մարդկանց բերանի խոռոչում նիտրատների նյութափոխանակությանը նպաստող բակտերիաների ավելի մեծ քանակություն է պարունակվել, քան այն մարդկանց, որոնք կանոնավոր գլխացավեր չեն ունենում:

Միգրեն ունեցող հիվանդներից շատերը նշում են, որ գլխացավեր են առաջացնում, օրինակ, շոկոլադը, գինին, երշիկը, նրբերշիկը եւ հազարը: Այս բոլոր մթերքները մեծ քանակությամբ նիտրատներ են պարունակում: Գիտնականները ենթադրում են, որ միգրեն կարող է հարուցել ազոտի օքսիդի կուտակումը, որն առաջանում է բերանի խոոռոչում եղած բակտերիաների կողմից նիտրատների նյութափոխանակության ժամանակ:

Գիտնականները, սակայն, ընդգծել են, որ իրենք ընդամենը հայտնաբերել են բակտերիաների առկայության եւ միգրենի առաջացման միջեւ կապը, բայց պատրաստ չեն պնդելու, որ հատկապես բակտերիաներն են մեղավոր գլխացավերի առաջացման համար:

Գիտնականները նախատեսում են հետագայում փորձեր իրականացնել, որոնց ընթացքում միգրենով տառապող հիվանդները կբաժանվեն մի քանի խմբերի՝ կախված այն հանգամանքից, թե նրանց միգրենի հատկապես որ տեսակն է բնութագրական: Գիտնականները կհետազոտեն, թե նիտրատները փոխանակող հատկապես ինչ ֆերմենտներ են բերանի խոռոչում բակտերիաներ արտադրում, կչափեն ազոտի օքսիդի խտությունը եւ կպարզեն, թե այդ ֆերմենտներն ինչպես են ազդում գլխացավերի առաջացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում