Պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների միայն 3%-ն է այն ստանում

7 նոյեմբերի, 2016  17:03

Հիվանդներից շատերն այսօր տառապում են այնպիսի հիվանդություններին ուղեկցող ուժեղ ցավերից, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը, սակայն նրանց միայն 3 տոկոսն է պալիատիվ բուժում ստանում, որը նրանց տառապանքը կմեղմեր: Այս մասին լրագրողներին ասաց Open Society Foundations-ի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր կան պալիատիվ օգնության կազմակերպման լուրջ խնդիրներ, առկա են նաեւ պալիատիվ բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցների հասանելության եւ քանակի խնդիրներ: Ավելին՝ այդ ոլորտը կարգավորող նորմալ օրենք առայժմ չկա, եւ դա ամենագլխավոր խնդիրն է:

Լավ նորությունն այն է, որ պալիատիվ օգնության զարգացման նոր ռազմավարությունը, որը հայկական հասարակական կազմակերպությունը մշակել է Open Society Foundations-ի մասնակցությամբ, արդեն կառավարությանն է ներկայացվել, եւ Լարիսա Միանսյանը հույս ունի, որ մոտ ապագայում մենք արդեն օրենք կունենանք, որը կօգնի թեթեւացնել ծանր հիվանդների տառապանքները:

«Ցավից տառապող հիվանդներին պալիատիվ օգնությամբ չապահովելը նույնն է, ինչ նրանց խոշտանգելը»,- նշեց մասնագետը:

2010 թվականին Հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝  Հայաստանում պալիատիվ օգնության կարիք ունի օրական 3200-ից մինչեւ 3600 հիվանդ: Տարեկան այն կազմում է 18 հազար մարդ, իսկ հաշվի առնելով, որ օգնության կարիք ունեն նաեւ հիվանդ մարդկանց ընտանիքի անդամները, ապա այս թիվը կհասնի տարեկան 100 հազար մարդու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում