Կինն ամեն ինչից ալերգիա ունի, նույնիսկ սեփական ամուսնուց (ֆոտո)

20 նոյեմբերի, 2016  12:48

Մինեապոլիսի 29-ամյա բնակչուհի Ջոանա Ուոթքինսը ստիպված է մշտապես անվտանգ տարածքում ապրել. բժիշկները նրա մոտ գրեթե ամեն ինչից անբուժելի ալերգիա են հայտնաբերել: Կինն ալերգիա ունի նաեւ սեփական ամուսնուց:

Ամբողջ օրը Ջոանան ապրում է իր տանը հատուկ պատրաստված անվտանգության գոտում: Նա ծանր ալերգիա ունի հարյուրավոր բաներից, այդ թվում՝ սննդամթերքից, քիմիկատներից, ինչպես նաեւ մարդկանց մեծ մասի հոտից, որոնց թվում է նաեւ նրա ամուսինը՝ Սքոթը: Նրա ներկայությամբ կինն այնքան վատ է զգում, որ ամուսինները ստիպված են տարբեր սենյակներում ապրել: Կինը տանից հեռանում է միայն բժիշկներին այցելելու համար:

Բայց նույնիսկ այդ կարճատեւ ուղեւորությունները հյուծում են կնոջը: Նրա կոկորդը կծկվում է, մկանները՝ լարվում, շնչառությունն արագանում է, մարմինը՝ քրտնում:

Ժամանակի մեծ մասը նա գիրք է կարդում, աղոթում է, զրուցում հեռախոսով եւ էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկում: Ալերգենների հետ նրա երկարատեւ շփումը կարող է մահվան հանգեցնել:

Գրեթե միակ մարդիկ, որոնց հանդեպ Ջոանայի օրգանիզմն այդպես չի արձագանքում, նրա քույրն ու եղբայրն են, որոնք ամեն շաբաթ այցելում են կնոջը: Ընտանիքի համար ուտելիք է պատրաստում Սքոթը, քանի որ միայն նա գիտի բաղադրիչների այն ոչ մեծ ցանկը, որոնք կնոջ մոտ ուժեղ ալերգիա չեն առաջացնում:

Վերջին երկու տարիներին Ջոանայի վիճակը վատացել է, նա նույնիսկ քիմիաթերապիայի անհաջող կուրս է անցել, բայց բժիշկներն առայժմ չեն կարողանում օգնել կնոջը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում