Ի՞նչ անել ամանորյա տոներից հետո մնացած ուտելիքը

9 հունվարի, 2017  16:35

Որոշ հայ ընտանիքներում ամանորյա տոներին այնքան շատ ուտելիք են պատրաստում, որ այդ ընթացքում այդքանն ուտելն ուղղակի անհնար է։ Ի՞նչ անել սառնարանում մնացած ուտելիքը։ Հնարավո՞ր է այն անվտանգ դարձնել սպառման համար։

Դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի կարծիքով լավագույն լուծումն այդ ուտելիքը թափելն է։  Նրա խոսքով՝ ոմանք փորձում են տապակել հնացած ամանորյա ուտեստները, հատկապես միսը, սակայն դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում, քանի որ հին մթերքը վտանգավոր է, անգամ եթե այն կրկնակի ջերմային մշակման ենթարկեն։

«Մեր մարմինն եւ առողջությունն ամենաթանկն է, ինչ մենք ունենք։ Մեր մարմինը աղբաման չէ, որպեսզի հին ուտելիքը լցնենք այնտեղ։ Եթե հին սնունդ է մնացել, մի՛ ափսոսեք այն, համարձակ թափե՛ք։ Եթե Դուք հին սննդի պատճառով հիվանդանոց ընկնեք, Ձեր առողջությանն ու գրպանին ավելի լուրջ վնաս կհասցնեք, քան եթե ուղղակի թափեք այդ ուտելիքը»,– ասաց մասնագետը։

Որոշ մարդիկ, իհարկե, ափսոսում են թափել սնունդը, սակայն, ըստ մասնագետի, եթե դա այսօր անենք, ապագայի համար  լավ դաս կլինի։ Մենք կհասկանանք, որ պետք չէ տոների համար այդքան շատ բան եփել, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու թափել դա, ինչը հաճելի չէ։ Այդպես՝ մարդիկ կսովորեն տոների համար քիչ բան պատրաստել, արագ սպառել դա, իսկ հետտոնական հին ուտելիքից թունավորվելու դեպքերը կպակասեն։

«Վերջերս ինձ հարցրին, թե ինչ անել Նոր տարուց մնացած խոզի բուդը՝ տապակե՞լ ուտելուց առաջ։ Ո՛չ, ուղղակի թափե՛ք այն. ո՛չ տապակեք, ո՛չ էլ կերեք այն տոքսինների եւ մանրէների հետ, դրան գումարած՝ տապակած յուղը»,– նշեց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում