Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է օրգանիզմում բորբոքումների մակարդակը

17 հունվարի, 2017  22:48

Կանոնավոր ֆիզիկական վարժություններն օգնում են վերահսկել քաշը, ամրացնում են սիրտը, ոսկորներն ու մկանները, նաեւ նվազեցնում մի շարք հիվանդությունների առաջացման վտանգը: Պարզվում է՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նաեւ զգալիորեն նվազեցնում է օրգանիզմում բորբոքումների մակարդակը: Հետազոտության արդյունքում նման եզրահանգում են արել ամերիկյան University of California San Diego School of Medicine-ի գիտնականները:

Brain, Behaviour and Immunity ամսագրում հրապարակված նրանց հետազոտության արդյունքների համաձայն՝ դրական արդյունքն ակնհայտ է դառնում արդեն 20 րոպե մարզումներից հետո: Այս բացահայտումը կարող է օգնել այնպիսի հիվանդություններով մարդկանց, ինչպիսին են, օրինակ, արթրիտը, ֆիբրոմիալգիան եւ ճարպակալումը:

Հետազոտությանը 47 կամավոր է մասնակցել, որոնք մարզասրահում օգտվել են վազքուղուց: Մարզումների ինտենսիվությունն ընտրել են նրանց ֆիզիկական պատրաստվածությանը համապատասխան: Մարզումներից առաջ եւ 20 րոպե հետո գիտնականները հետազոտել են կամավորներին, արյան անալիզ վերցրել: Պարզվել է, որ մարզումներից 20 րոպե անց խթանված իմունային բջիջների քանակությունը, որոնք բորբոքումների հետ կապված սպիտակուց են արտադրում, 5%-ով նվազել է:

Այսպիսով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակաբորբոքային բջջային արձագանք է առաջացնում: Գիտնականները հույս ունեն, որ իրենց եզրահանգումները կօգնեն խրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներ մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում