Սուպերբակտերիաները կարող են քաղցկեղն անբուժելի դարձնել

20 հունվարի, 2017  11:52

Հակաբիոտիկների նկատմամբ կայուն սուպերբակտերիաները մոտ ապագայում կարող են քաղցկեղն անբուժելի դարձնել, նախազգուշացնում է Մեծ Բրիտանիայից պրոֆեսոր Դեյմ Սալի Դեւիսը: Նրա խոսքով՝ սուպերբակտերիաները մեր քաղաքակրթությանը նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպիսին ահաբեկչությունը եւ կլիմայի փոփոխությունները:

Պրոֆեսորը նշել է, որ հակաբիոտիկառեզիստենտ բակտերիաների թվի աճը շուտով ամենասովորական վիրահատությունները եւ բուժման մեթոդները վտանգավոր կդարձնի, իսկ երբեմն ընդհանրապես անհնար: Դա վերաբերում է նաեւ քաղցկեղի բուժման համար առավել հաճախ կիրառվող քիմիաթերապիային: Ավելին՝ հակաբիոտիկակայունության հետեւանքով կոնքազդրային հոդի փոխարինման եւ կեսարյան հատման վիրահատությունները ինֆեկցիայի առաջացման հավանականության պատճառով կարող են սպառնալ մարդկանց առողջությանը եւ նույնիսկ կյանքին:

Բրիտանացի գիտնականը եւ պետական գործիչը այս մասին հայտարարել է այն բանից մեկ շաբաթ հետո, երբ ԱՄՆ-ի Նեւադա նահանգում կին է մահացել բակտերիալ ինֆեկցիայից, որի դեմ անզոր են եղել բոլոր հակաբիոտիկները: Բժիշկները փորձել են 26 տարբեր հակաբիոտիկներով 70-ամյա հիվանդին առողջացնել, բայց դրանցից ոչ մեկն արդյունավետ չի եղել, այսպես կոչված, ագրեսիվ «սուպերբակտերիայի» դեմ պայքարում:

Դեյմ Սալի Դեւիսի խոսքով՝ եթե հակաբիոտիկառեզիստենտ բակտերիաների դեմ պայքարում մեր ջանքերը չարագացնենք, սուպերբակտերիայի հետեւանքով մահվան դեպքերի թիվը շատ ավելի մեծ կլինի:

«Մեզ սպասում է լիովին անբուժելի քաղցկեղով տառապող հասարակություն, քանի որ քիմիաթերապիան անարդյունավետ կդառնա: Պարզագույն վիրահատությունները, ինչպիսին են կոնքազդրային հոդի փոխարինումը եւ կեսարյան հատումը, ինֆեկցիայի սպառնալիքի պատճառով մահացու վտանգավոր կդառնան: Տասնյակ տարիներ բժիշկները միանգամայն զուր հիվանդներին միլիոնավոր հակաբիոտիկներ են նշանակել, որը եւ հանգեցրել է կայուն բակտերիալ շտամների ստեղծմանը, որոնք այսօր ամբողջ մարդկությանն են սպառնում»,- նախազգուշացրել է բժիշկը:

Գիտնականներից շատերը նշում են, որ եթե ոչինչ չձեռնարկեն, ապա ամենասովորական ինֆեկցիոն հիվանդությունները կարող են բժշկական օգնության տեսակետից մարդկությանը միջնադար նետել: Բժիշկները կանխատեսում են, որ 2050 թվականին կայուն բակտերիաների թվի աճը կարող է տարեկան մինչեւ 10 միլիոն մահվան պատճառ դառնալ: Խնդիրը խորանում է, քանի որ վերջին 30 տարում մեկ-երկու նոր հակաբիոտիկներից ավելին չի ստեղծվել: Բակտերիաները հակաբիոտիկների նկատմամբ ավելի արագ են կայուն դառնում, քան նոր դեղամիջոցներ են ստեղծվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում