Էմբոլիզացիայից 1 տարի անց կնոջ արգանդի միոմայի ծավալը 8 անգամ կրճատվել է

23 հունվարի, 2017  20:25

Առաջին անգամ Հայաստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է արգանդի միոմայի անոթների էմբոլիզացիա այն դեպքում, երբ արգանդի չափսը գերազանցում է 20 շաբաթական հղիության չափսերին։ Վիրահատությունը կատարվել է դեռ 2015 թվականի նոյեմբերին, իսկ 2016 թվականի դեկտեմբերին կատարած ստուգիչ ՈւՁՀ հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ հանգույցի ծավալը մեկ տարում փոքրացել է 8 անգամ։ Վիրահատության ռիսկային գործոնը բավականին բարձր էր, սակայն, ինչպես ասվում է՝ ռիսկը ազնվական գործ է, երբ հարցը վերաբերում է հիվանդի կյանքին եւ առողջությանը, ասվում է հիվանդանոցի կայքում զետեղված հոդվածում։

Արտերկրում բնակվող, 1978 թ. ծնված, հայուհի Է.Մ-ն. միոմայի վիրահատության կապակցությամբ դիմել է «Էրեբունի» ԲԿ 2015թ. նոյեմբերին։

Կինը ենթադրում էր, որ հղի է, քանի որ որովայնի չափսերը մեծացել էին եւ համապատասխանում էին 20 շաբաթական հղիության: Ըստ ՈւՁՀ-ի տվյալների ախտորոշվեց՝ արգանդի բազմահանգույց միոմա (ամենամեծ ոտիկի վրա հանգույցի չափերն էին 180×106×166 մմ, հանգույցի ծավալը 1660 սմ³), ինչպես նաեւ փոքր չափսերի (˜3 սմ ) մի քանի հանգույցներ` արգանդի խոռոչի ձեւափոխմամբ:

Ուղեկցող հիվանդությունների պատճառով՝ համակարգային կարմիր գայլախտ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա (ԹԶԹԷ), միտրալ ռեգուրգիտացիա IV, թոքային հիպերտենզիա I, հիվանդին հակացուցված էր բաց վիրահատության անցկացումը: Օրակարգի հարց էր դարձել հիվանդի բուժումը անցկացնել այլընտրանքային եղանակով՝ կատարելով արգանդի խողովակների էմբոլիզացում: Հիվանդը դիմել էր տարբեր արտասահմանյան կլինիկաներ, սակայն մերժում էր ստացել, քանի որ այս չափսերի միոմայի դեպքում նույնիսկ էմբոլիզացիա կատարելը չափազանց ռիսկային է:

Չունենալով այլ տարբերակ,2015թ. նոյեմբերի 5-ին Էրեբունի ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատությանը իրականացրեց արգանդային զարկերակների էմբոլիզացիա:

Միոմայի մեծ չափսերի պատճառով հետվիրահատական շրջանում հիվանդի մոտ դիտվել էր մեղմ արտահայտված հետէմբոլիզացիոն համախտանիշ (ցավեր կոնքի շրջանում, ջերմություն, սրտխառնոց, փսխում), որը դեղորայքի միջոցով վերացվեց: Հիվանդը դուրս է գրվել 7-րդ օրը բավարար վիճակում:

Մեկ տարի անց- 2016թ. դեկտեմբերին, կրկին կատարվեց ՈւՁՀ հետազոտություն՝ մեծ հանգույցի չափսերը փոքրացել էին համարյա երկու անգամ՝ մինչեւ 73×76×70 մմ, իսկ հանգույցի ծավալը նախորդի հետ համեմատ 8 անգամ՝ 206.8 սմ³ (87%): Փոքր հանգույցներից պահպանվել էր միայն մեկը՝ 22 × 27մմ, առանց արգանդի ձեւափոխման: Հիվանդը այլեւս գանգատ չուներ:

Էմբոլիզացիան հատկապես կարեւոր է, երբ արգանդի հեռացման հարց է դրված: Համապատասխան ցուցումների դեպքում արգանդի զարկերակների էմբոլիզացիան համարվում է արգանդի միոմայի բուժման մեղմ եւ ռադիկալ եղանակներից մեկը, որի երկարատեւ արդյունքները չեն զիջում բաց վիրահատական միջամտությանը՝ պահպանելով սեռական օրգանը եւ կնոջ պտղաբերությունը:

https://erebunimed.com/arm/news.more/236

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում