2016 թվականին Հայաստանում քաղցկեղի 8400 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Ըստ նրա՝ ուռուցքային հիվանդություններով հիվանդացածությունն անցյալ տարի, 2015 թվականի համեմատ, գրեթե չի փոխվել: Ներկայում դիսպանսերային հսկողության տակ է շուրջ 41.000 հիվանդ:
Այս թիվը համադրելի է այլ երկրների վիճակագրության հետ: Իհարկե, Հայաստանում քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը բավական բարձր է, եւ դա կապված է այն հանգամանքի հետ, որ 50-60% դեպքերում հիվանդությունը բացահայտվում է 3-րդ կամ 4-րդ աստիճանում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Մասնագետի խոսքով՝ սա է կարեւորագույն պատճառներից մեկը, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը 30%-ով ավելի պակաս է, քան ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի մյուս երկրների մեծ մասում:
Վերջին տարիներին, ըստ Ծաղիկ Վարդանյանի, սքրինինգային հետազոտության մատչելիության եւ վաղ ախտորոշման շնորհիվ կրծքի քաղցկեղով հիվանդների շրջանում կյանքի տեւողությունն աճել է:
Հայաստանում քաղցկեղով հիվանդացածության ավելի մանրամասն վիճակագրությունը հասանելի կլինի մայիսին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում