Այսօր նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը

4 փետրվարի, 2017  10:35

Այսօր, փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է եւս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սեւեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարեւորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը եւ բուժումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում քաղցկեղի կանխարգելման, բուժման եւ շարունակական հսկողության իրականացումը առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները գտնվում են երկրորդ տեղում:

Վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով կամ 1.9 անգամ (2105 դեպքով): Հայաստանում կյանքում առաջին անգամ «չարորակ նորագոյացություն» հաստատված ախտորոշումով հիվանդների թիվը կազմել է 8372, իսկ ուռուցքաբանական կառույցներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը` 40862: Ընդ որում, իգական սեռի մոտ տարածված են կրծքագեղձի, արգանդի մարմնի, պարանոցի եւ հաստ աղու, իսկ արական սեռի մոտ` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի եւ հաստ աղու չարորակ նորոգոյոցությունները:

Միջազգային փորձը փաստում է, որ քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում