Յուրաքանչյուր երկրորդ երեւանցին շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի խմբում է. սկրինինգ հետազոտություն

7 փետրվարի, 2017  15:59

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սկրինինգ ծրագրին մասնակցող տղամարդկանց 42.8 տոկոսի մոտ նորմային շեղումներ են ախտորոշվել, որոնք մատնանշում են նրանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկը։  Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ սկրինինգ ծրագրին մասնակցել են քիչ թվով մարդիկ, այդուհանդերձ ստացված տվյալների անալիզը ցույց է տվել, որ անհրաժեշտ է ավելի խոշոր սկրինինգներ անցկացնել, ինչը հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ տվյալներ ստանալ բնակչության առողջական վիճակի մասին։

Սկրինինգային ծրագիրն իրականացվել է Երեւանում 2016-ի սեպտեմբեր–դեկտեմբերին Առողջապահության նախարարության կողմից։ Նման հետազոտություն անցկացնելու գաղափարը հայտնվել էր այն բանից հետո, երբ մասնագետներն ուշադրություն էին դարձրել, որ սոցփաթեթից օգտվողների թվում, որոնք կանոնավոր կերպով բժշկի են այցելում, շատ են շագանակագեղձի քաղցկեղի եւ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների դեպքերը։ Այդ ժամանակ մասնագետները մշակեցին հատուկ մեթոդաբանություն եւ հետազոտություն անցկացրեցին 40-70 տարեկան 2183 երեւանցիների շրջանում, որոնց մոտ լուրջ սոմատիկ հիվանդություններ չէին հայտնաբերվել, եւ որոնց կյանքի սպասելի տեւողությունը 15 տարուց պակաս չէ։

Ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանն իր հերթին ասաց, որ հետազոտության արդյունքում 4 հիվանդի մոտ շագանակագեղձի քաղցկեղի մետաստազներ են հայտնաբերվել։ Տղամարդկանց 42.8 տոկոսը՝ 935 մարդ, բարձր ռիսկի խմբում են։ Նրանցից 350-ի մոտ նորմայից տարբեր շեղումներ են հայտնաբերվել, 858-ը ամեն տարի PSA թեստ հանձնելու խորհուրդներ են ստացել։

Հետազոտության շրջանակում PSA թեստից բացի, օգտագործել են նաեւ ախտորոշման այլ մեթոդներ, որոնց շնորհիվ մասնագետները նաեւ կարողացել են միզասեռական համակարգի մի շարք այլ օնկոլոգիական հիվանդություններ հայտնաբերել։ Այսպես՝ 23 հիվանդի մոտ միզապարկի ուռուցք է հայտնաբերվել, եւս մեկի մոտ ՝ միզածորանի, մեկի մոտ էլ՝ երիկամի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում