Հղիության ժամանակ ծխելն ազդում է երեխայի լսողության վրա. հետազոտություն

14 փետրվարի, 2017  18:55

Հղիության ժամանակ ծխելը կարող է ապագա երեխայի լսողության ծանր խանգարումներ առաջացնել, նախազգուշացնում են Free University of Berlin-ի (Գերմանիա) հետազոտողները:

Լաբորատոր առնետների մասնակցությամբ հետազոտությունը պարզել է, որ պտղի վրա նիկոտինի ազդեցությունը (ծխելու կամ նույնիսկ պասիվ ծխելու հետեւանքով) նպաստում է լսողության համակարգի անոմալ զարգացմանը եւ վնասում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են լսողության համար: Արդյունքում կարող են ծնվել լսողության պոտենցիալ խանգարմամբ երեխաներ, որոնք դժվարություններ կունենան սովորելու եւ խոսքի զարգացման ընթացքում:

Հետազոտության հեղինակները նիկոտինն ավելացրել են հղի մկների խմելու ջրին՝ խտությունն այն մակարդակին հասցնելու համար, ինչպիսին նկատվում է թունդ ծխողների մոտ: Ժառանգների լույս աշխարհ գալուց հետո հետազոտողները ստուգել են միմյանց հետ շփվելու մկների ուղեղի նեյրոնների ունակությունը՝ ստացած ցուցանիշները համեմատելով այն մկնիկների համանման ցուցանիշներին, որոնք ծնվել են նիկոտին չստացած մայրերից: Պարզվել է, որ առաջին դեպքում ձայնային գրգռիչների հանդեպ նեյրոնների զգայունությունը ցածր է եղել: Սա վկայում էր լսողության խանգարման մասին: Գիտնականներն ընդգծում են, որ չգիտեն, թե նիկոտինի ազդեցությամբ լսողական համակարգի որ հատվածներն են վնասվում, իսկ դա ստուգելու համար ավելի ծավալուն հետազոտություն է պահանջվում:

Նախորդ հետազոտողները նաեւ ապացուցել են, որ հղիության ժամանակ ծխելը վնասում է պտղի ուղեղը: Նույնիսկ էլեկտրոնային սիգարետի օգտագործումը եւ նիկոտինին փոխարինող թերապիան, միեւնույն է, վաղաժամ ծննդաբերության, փոքրիկի մարմնի զանգվածի պակասի, նաեւ մանկական հանկարծամահության ախտանիշի հավանականությունը մեծացնում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում