Կրծքավանդակից դուրս գտնվող սրտով աղջիկը հույս ունի, որ վիրահատությունն իր կյանքը կփոխի (ֆոտո)

21 փետրվարի, 2017  22:14

Վիրսավիա Բորուն-Գոնչարովան անսովոր արատով է ծնվել՝ նրա սիրտը ոչ թե կրծքավանդակում է գտնվում, այլ դրանից դուրս՝ փորի վրա մաշկի տակ: Վիրսավիայի սրտի զարկերը ոչ միայն կարելի է լսել, այլեւ տեսնել:

Երբ աղջիկը ծնվեց, բժիշկները նրա մորն ասացին, որ նա հազիվ թե ողջ մնա: Այդուհանդերձ, աղջիկը ողջ է մնացել: Հիմա նա 7 տարեկան է եւ մոր հետ ԱՄՆ է գնացել, որտեղ նրան պետք է վիրահատեն, որը կարող է նրա ամբողջ կյանքը փոխել:

Նախկինում Վիրսավիան արդեն մեկնել է ԱՄՆ, բայց նրան վիրահատել չեն կարողացել, քանի որ արյան ճնշումը շատ բարձր էր, եւ վիրահատության կատարումը վտանգավոր էր: Հիմա աղջիկն ու նրա մայրը հույս ունեն, որ բժիշկներին կհաջողվի դեղերի օգնությամբ նրա արյան ճնշումը կարգավորել եւ վիրահատությունը կատարել:

Աղջկա մայրն ասել է, որ այսպիսի սրտով ապրելը շատ դժվար է եւ վտանգավոր: Եթե Վիրսավիան, օրինակ, փորի վրա ընկնի եւ սիրտը վնասի, նա կարող է տեղում մահանալ: Դրանից բացի, նա իրեն հարմարավետ է զգում միայն տաք եղանակին, ցուրտ եղանակին նա խեղդվում է, եւ նրա մոտ ցավեր են սկսվում: Չնայած բոլոր դժվարություններին, Վիրսավիան լի է լավատեսությամբ:

«Ես զբոսնում եմ, ցատկում, թռչում, վազում: Բանն այն է, որ ինձ վազել չի կարելի, բայց ես այնքան եմ սիրում վազել»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում