Կոկաինից կախվածությունը կարող է հանգեցնել տկարամտության

23 փետրվարի, 2017  23:48

Կոկաին օգտագործող մարդիկ կարող են ավելի հակված լինել տկարամտության, քանի որ այդ թմրանյութի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է գլխուղեղի որոշ հատվածներում ավելորդ երկաթի կուտակման: Նման ենթադրություն են հայտնել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:

Համարվում է, որ ուղեղում երկաթի մեծ քանակությունը հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան, ինչն իր հերթին մեծացնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման վտանգը:

Հետազոտողներն ուսումնասիրել են կոկաինից կախվածություն ունեցող 44 եւ կախվածություն չունեցող եւս 44 մարդկանց գլխուղեղի հյուսվածքը: Թմրանյութից կախվածություն ունեցող մարդկանց մոտ երկաթի պարունակությունն ավելի մեծ է եղել:

Գլխուղեղում երկաթի բարձր կենտրոնացումը սովորաբար ուղեկցվում է մարմնի այլ մասերում այդ տարրի դեֆիցիտով: Ըստ ամենայնի՝ կոկաինից կախվածություն ունեցող մարդկանց մոտ երկաթի փոխանակությունն ընդհանրապես խախտված է:

Գիտնականները ենթադրում են, որ, հնարավոր է, թմրանյութը խոչընդոտում է սննդից օրգանիզմ երկաթի ներծծմանը: Այս ամբողջ մեխանիզմը կարող է մեծացնել տկարամտության վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում