ԱՄՆ-ում առաջին անգամ հաջողությամբ սառեցրել եւ ապասառեցրել են օրգանները

2 մարտի, 2017  20:21

Ամերիկացի գիտնականներն օրգանների կրիոկոնսերվացիայի նոր միջոց են մշակել, որի դեպքում հալեցումը բջիջները չի վնասում: Այդ նպատակով Մինեսոտայի համալսարանի մասնագետներն օգտագործել են նանոմասնիկներ, որոնք թույլ են տալիս հավասարաչափ տաքացնել կենսաբանական հյուսվածքները:

Փոխպատվաստման համար նախատեսված օրգանները կարող են պահպանվել մի քանի ժամ, քանի դեռ թթվածնի պակասի պատճառով չի սկսում հյուսվածքների անդառնալի վնասը: Նրանց սառեցումը կարող է մեծացնել պահպանման ժամկետը, սակայն ապասառեցումից հետո նրանցում միայն կենդանի հյուսվածքների մի մասն է մնում:

Օրգանի սառեցման ժամանակ վիտրիֆիկացիա է կատարվում, այսինքն՝ հատուկ լուծույթի վերածում ապակենման վիճակի: Դա թույլ է տալիս կանխել բջիջներում դրանք վնասող սառցե բյուրեղների ձեւավորումը: Սակայն ոչ հավասարաչափ տաքացման դեպում սառույց, այնուամենայնիվ, կարող է առաջանալ:

Այդ խնդիրը լուծելու համար գիտնականները խոզերի քներակների ֆրագմենտները պատել են երկաթի օքսիդի եւ սիլիցիումի դիօքսիդի նանոմասնիկներով՝ պատված եռամետօքսիսիլանով: Վերջին նյութը թույլ է տալիս գնդիկներին գտնվել դիսպերս վիճակում: Դրանից հետո օրգանը տեղադրում են մագնիսական դաշտ ստեղծող ինդուկտիվային կծիկի մեջ: Սա հնարավորություն է տալիս հավասարաչափ տաքացում իրականացնել:

Գիտնականներին հաջողվել է քներակները անվնաս ապասառեցնել: Մեթոդի թերություններից է այն, որ դրա միջոցով առայժմ հնարավոր է միայն ոչ մեծ օր գաններ տաքացնել: Սակայն նրանք հույս ունեն, որ ապագայում հնարավոր կլինի այս եղանակով մարդկային սիրտ, թոքեր եւ երիկամներ ապասառեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում