Ծխախոտի ծուխը թոքերին թույլ չի տալիս ինքնավերականգնվել. գիտնականներ

6 մարտի, 2017  16:58

Ծխախոտի ծուխն արգելափակում է թոքերի ինքնավերականգնման պրոցեսը, որը հետագայում հանգեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է, օրինակ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը: Այս մասին հայտնել են Helmholtz Zentrum München-ի (Գերմանիա) գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine-ում:

Հետազոտությամբ, որը նշված կենտրոնի գիտնականներն իրականացրել են աշխարհի այլ երկրների գործընկերների հետ համատեղ, պարզվել է, որ ծխախոտի ծուխը թոքերին խանգարում է այս կամ այն վնասվածքներից ինքնավերականգնվել, եւ հենց այս պատճառով է ծխողների շրջանում այդքան հաճախ առաջանում թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ):

Առողջ մարդու թոքերի ինքնակարգավորման պրոցեսի համար պատասխանատու են WNT/բետա-կատենինի ազդանշանային ուղիները: Մինչեւ վերջին ժամանակները գիտությանն անհայտ էր, թե այս ազդանշանային ուղիներն ինչու չեն գործում ԹՔՕՀ-ով հիվանդների օրգանիզմում: Պարզվել է, որ այս երեւույթի մեջ կարեւոր դերակատարում ունի Frizzled ռեցեպտորների սպիտակուցների մոլեկուլներից մեկը, որը Frizzled 4 է կոչվում: Այս ռեցեպտոր-մոլեկուլը, որը գտնվում է թոքերի բջիջների մակերեւույթին, կարգավորում է ինքնավերականգնման պրոցեսը:

Սակայն ծխախոտի ծխի ազդեցությամբ Frizzled 4-ը մակերեւույթից անհետանում է, եւ բջիջների աճը կասեցվում է: Ծխողների թոքերը զննելիս հետազոտողները  հայտնաբերել են, որ նրանց մոտ  Frizzled 4-ի ռեցեպտորների քանակն էականորեն ավելի փոքր է, քան չծխողների մոտ: Այնուհետեւ նրանց հաջողվել է բջջային կուլտուրաների եւ մոդելների վրա ապացուցել, որ Frizzled 4-ի ազդանշանների ճնշումը բջիջներում WNT/բետա-կատենինի  ազդանշանային ուղիների ակտիվության նվազում է առաջացնում, որի հետեւանքով թոքերի առողջացման պրոցեսը եւ դրանց վերականգնումը կանգ են առնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում