Մարտի 8-ը տոնելու լավագույն եղանակը կրծքի քաղցկեղի սքրինինգ անցնելն է. Հայաստանում ԱՄՆ դեսպան (ֆոտո)

7 մարտի, 2017  18:28

Կանանց միջազգային օրը տոնելու լավագույն եղանակը կրծքի քաղցկեղի սքրինինգային հետազոտություն անցնելն է եւ նման հետազոտությանը սեփական մորը, քրոջը, մորաքրոջը/հորաքրոջը ուղարկելը: Նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որն այսօր՝ մարտի 7-ին, USAID-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերի հետ այցելեց Առողջության հայ-ամերիկյան կենտրոն:

Դեսպանը հիշեցրեց, թե որքան կարեւոր են կանոնավոր սքրինինգային հետազոտությունները՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Դեսպանը նշեց, որ սքրինինգները թույլ են տալիս խնդիրները ժամանակին հայտնաբերել, իսկ եթե քաղցկեղը ժամանակին է հայտնաբերվում, այն կարելի է հաղթահարել, իսկ հիվանդի կյանքը փրկել:

«Ինչպես Ռիտա Փալյանն է սիրում ասել, մեկ կնոջ կյանքը փրկելով՝ դու ընտանիքը, համայնքը եւ ազգին ես փրկում», - նշեց դեսպանը:

Ռիտա Փալյանը, ում խոսքը մեջբերեց դեսպանը, Հայ-ամերիկյան մշակութային միավորման նախագահն է եւ Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի համահիմնադիրը: Դեսպանը նշեց, որ կենտրոնն այսօր գոյություն ունի հատկապես նրա ջանքերի եւ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ համագործակցության շնորհիվ: Կենտրոնի հետագա զարգացման մեջ մեծ ավանդ է ունեցել նաեւ USAID-ը:

Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը դեսպանին եւ USAID-ի ներկայացուցչին կենտրոնի շենքը եւ բոլոր հին ու նոր բաժանմունքները ցույց տալիս պատմեց, որ 20 տարի առաջ, երբ կենտրոնն իր աշխատանքը նոր էր սկսում, իրենք ընդամենը 10 բուժաշխատող ունեին, որոնք օրական 4-5 հիվանդից ավելի չէին ընդունում: Իսկ այսօր ամեն օր կենտրոն է հաճախում մոտ 150-200 հիվանդ:

Տնօրենը լրագրողներին ասաց, որ 2016 թվականին կենտրոնում մոտ 45 հազար հետազոտություն են կատարել, ըստ որում՝ հիվանդների թվում նաեւ տղամարդիկ են եղել: Կենտրոնի աշխատանքի ամբողջ ընթացքում այնտեղ ախտորոշվել է տղամարդկանց կրծքագեղձի քացկեղի 67 դեպք: Ինչ վերաբերում է կանանց, կրծքի քաղցկեղ են հայտնաբերել յուրաքանչյուր 16-րդ հիվանդի մոտ, ըստ որում 7 հազար դեպքում հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, որի շնորհիվ այդ կանայք հաջողությամբ բուժվել են:

Խաչանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը ամենավաղ փուլերում է հայտնաբերվում, հաջողությամբ բուժվելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է: Հենց այս պատճառով կանանց խորհուրդ է տրվում կանոնավորապես սքրինինգային հետազոտություններ անցնել, որոնք կարող են խնդիրը հայտնաբերել անգամ այն ժամանակ, երբ ոչ մի նշան եւ ախտանշան չկա: Երիտասարդ կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն անցնել, իսկ 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիայի հետազոտություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում