Հեռուստացույցն ու համակարգիչը մեծացնում են երեխաների շրջանում շաքարախտի առաջացման հավանականությունը

16 մարտի, 2017  22:40

Հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջեւ օրական ավելի քան 6 ժամ անցկացնող երեխաները ավելի հաճախ են բախվում 2-րդ տիպի դիաբետի հետ: Սա պարզվել է հետազոտությամբ, որի մասին հրապարակվել է Archives of Disease in Childhood ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 9-10 տարեկան մոտ 4500 երեխաների տվյալները: Մասնակիցները պատմել են, թե որքան ժամանակ են հեռուստացույց դիտել, համակագչից եւ խաղային հավելվածներից օգտվել: Մասնագետները գնահատել են մետաբոլիկ եւ սիրտ-անոթային վտանգի մի շարք գործոններ, այդ թվում՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ ինսուլինի նկատմամբ զգայունությունը:

Հետազոտությամբ պարզվել է, որ երեխաների 18 տոկոսը էկրանների առջեւ օրական ավելի քան 3 ժամ է անցկացրել: Տղաներն ավելի հաճախ են աղջիկներից ավելի երկար հեռուստացույց դիտել, համակարգչից օգտվել եւ հավելվածներ խաղացել (22 տոկոս ընդդեմ 14 տոկոսի):

Հետազոստողները պարզել են, որ էկրանների առջեւ օրական 3 ժամից ավելի անցկացնող երեխաները հակված են 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը: Այս երեխաների արյան մեջ ճարպերի, արյան մեջ շաքարի, բորբոքման մարկերների, ինսուլինի նկատմամբ կայունության եւ արյան ճնշման մակարդակը ավելի բարձր է եղել այն երեխաների համեմատությամբ, որոնք էկրանների առջեւ օրական ընդամենը մեկ ժամ կամ ավելի քիչ են անցկացրել: Դրանից բացի, նրանց շրջանում, որոնք երկար են նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ, ճարպային շերտերն ավելի շատ էին, ինչն ինքնին մի շարք հիվանդությունների առաջացման վտանգի գործոն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում