Աորտայի աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը՝ «Էրեբունի» ԲԿ Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքում

20 մարտի, 2017  23:49

«Էրեբունի» ԲԿ Վիրաբուժական կլինիկայի Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների եւ երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի եւ վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» ԲԿ հսկա տեխնոլոգիական զինանոցը հնարավորություն է տալիս կատարել ներկայում ամենաառաջադեմ ախտորոշիչ հետազոտություններն ու վիրահատությունները:

Աորտայի ամենաահարկու հիվանդություններից է աորտայի անեւրիզման, որն իրենից ներկայացնում է նրա պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Տարբեր հեղինակների տվյալներով, չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անեւրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ նրա պատռվածքի հետեւանքով:

Հիվանդության ամենաբնորոշ ախտանիշներն են որովայնի շրջանում բութ եւ նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի եւ հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի ՀՏ տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անեւրիզմայի ռեզեկցիա եւ սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա:

Քնային զարկերակների նեղացման դեպքում  նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը:   

Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» ախտանիշով, այսինքն, քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ եւ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանիշ է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին:

Աստիճանաբար հարաճելով՝ հիվանդությունը կարող է բերել վերջույթի փտախտի: Այդ պատճառով շատ կարեւոր է ախտորոշման եւ բուժման նպատակով պացիենտների՝ բժիշկներին ժամանակին դիմելը: Տվյալ ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային եւ ոտքերի զարկերակների վրա:

Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության եւ թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան:

Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ, վարիկոզ հիվանդության ուշ փուլերում, առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ:

Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան եւ պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա,  քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր եւ, սովորաբար, լավ կոսմետիկ արդյունք են ապահովում:

Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան,  որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք վիրահատություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Երկու մեթոդների խելամիտ համակցումը հնարավորություն է տալիս առավելագույն իրացնել նրանց դրական կողմերը:

Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակը՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա:

https://erebunimed.com/arm/department/130

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում