Գիտնականները գտել են ուղեղի անբուժելի հիվանդությունների աղբյուրը

23 մարտի, 2017  20:35

Ամերիկացի գիտնականները որոշել են ուղեղի այն բջիջները, որոնք մասնակցում են շների վրա Իվան Պավլովի հետազոտած պայմանական ռեֆլեքսների զարգացմանը: Պարզվել է, որ նույն նեյրոններն են ախտահարվում Հենթինգթոնի եւ Պարկինսոնի հիվանդությունների, նաեւ Տուրետի համախտանիշի դեպքում:  Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողների հոդվածը հրապարակվել է Neuron ամսագրում:

Գիտնականները վերլուծել են մկների ուղեղի այն հատվածի բջիջների ակտիվությունը, որը կոչվում է շերտավոր մարմին եւ մասնակցում է ներքին օրգանների աշխատանքի կարգավորմանն ու պայմանական ռեֆլեքսների ձեւավորմանը: Փորձի ընթացքում հետազոտողները կենդանիներին սովորեցրել են ընկալել կիտրոնի եւ բանանի հոտերը որպես սնունդը (խտացրած կաթի կաթիլներ) ընդունելուց առաջ ազդանշան: Այսպիսով, Պավլովի շների նման, մկները պայմանական ռեֆլեքս են մշակել՝ հոտը հայտնվելիս նրանք օդը լպստել են:

Սովորեցնելու գործընթացից առաջ կենդանիների փորձարարական խմբում շերտավոր մարմնում ճնշվել է ոչ մեծ թվով նեյրոնների ակտիվությունը: Գիտնականները ստուգել են, թե այս միջամտությունն ինչպես կանդրադառնա ռեֆլեքսների ձեւավորման վրա:

Չնայած նյարդային բջիջների այս տեսակը ուղեղի հատվածի բոլոր բջիջների ընդամենը 2 տոկոսն է կազմել, դրանց անջատման հետեւանքով մկների մոտ պայմանական ռեֆլեքսը 2 անգամ հազվադեպ է առաջացել, քան նորմայի դեպքում: Հետազոտողները այն եզրակացության են հանգել, որ այս նեյրոնների դիսֆունկցիան զանազան նյարդաբանական խանգարումներ է առաջացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում