Հետվնասվածքային սթրեսային խանգարումը կարելի է հակաբիոտիկով բուժել

7 ապրիլի, 2017  12:52

Հայտնի դոկսիցիկլին հակաբիոտիկը կարող է կանխել ուղեղում բացասական մտքերի եւ վախերի առաջացումը եւ օգտակար լինել հետվնասվածքային սթրեսային խանգարման (ՀՎՍԽ) բուժման ու կանխարգելման համար: Նման արդյունքներ են ստացել բրիտանացի եւ շվեյցարացի գիտնականների կատարած հետազոտությամբ:

Reuters-ը հայտնում է, որ հակաբիոտիկը որոշակի պրոտեիններն արգելափակում է նյարդային բջիջների՝ մատրիցային էնզիմների շուրջը, որոնք մեր ուղեղին անհրաժեշտ են հիշողությունների ձեւավորման համար:

«Մենք հայտնաբերել ենք ՀՎՍԽ-ի բուժման սկզբունքորեն նոր ռազմավարություն»,- ասել է Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Ցյուրիխի  համալսարանի պրոֆեսոր Դոմինիկ Բախը, որը հետազոտական խմբի ղեկավարներից մեկն է:

Կամավորներին, որ կազմված էր 76 մարդուց, 2 խմբի են բաժանել՝ մի խմբին դոկսիցիկլին են տվել, մյուսին՝ պլացեբո: Այնուհետեւ նրանց համակարգչի առջեւ են նստեցրել, որն առկայծում էր կամ երկնագույն, կամ կարմիր գույնով: Գույներից մեկը կապված էր 50 տոկոս հավանականությամբ հոսանքի ցավագին հարված ստանալու հետ: Գույների 160 բռնկումից հետո մասնակիցները պատահական կարգով սովորել են «վատ» գույնը զուգակցել հարվածի հետ:

Ոչ մի դեղամիջոց չստացող կամավորները մեկ շաբաթ հետո կրկին փորձի են մասնակցել: Այս անգամ հոսանքի հարված չի եղել, բայց գույնի երեւալուց հետո բարձր ձայն էր հնչում:

Վախը 60 տոկոսով քիչ էր նրանց մոտ, ովքեր առաջին փորձաշրջանի ժամանակ դոկսիցիկլին էին ստացել: Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ մտավոր մյուս ցուցանիշները, այդ թվում՝ սենսորային հիշողությունը եւ ուշադրությունը չեն վնասվել:

«Երբ խոսում ենք սարսափի վերաբերյալ հիշողությունների կրճատման մասին, նկատի չունենք տեղի ունեցածի մասին հիշողության ջնջվելը: Մասնակիցները չեն մոռանում հոսանքի հարվածի մասին այն պահին, երբ էկրանը կարմիր էր, բայց նրանք «մոռանում» են այն, թե ինչպես են բնազդաբար վախեցել՝ հաջորդ անգամ էկրանին կարմիրը տեսնելով: Սպառնալիքներից զգուշանալը կարեւոր ունակություն է, որը մեզ օգնում է խուսափել վտանգներից: Սակայն սպառնալիքի գերագնահատումը կարող է ահռելի տառապանքներ եւ սթրես առաջացնել՝ ՀՎՍԽ-ի նման տագնապալի խանգարումներ»,- նշել է Բախը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում