Գլխավոր հոգեբույժը կասկածի տակ առավ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության հավաստիությունը

7 ապրիլի, 2017  18:43

2016 թվականին Հայաստանում գրանցվել է դեպրեսիայի ծանր ձեւով 180 հիվանդ. նրանք այն մարդիկ են, որոնք բուժման համար պետական հաստատություններ են դիմել, սակայն այս թիվը ոչինչ չի ասում հիվանդության իրական վիճակագրության մասին: Ապրիլի 7-ին՝ դեպրեսիային նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանցից շատերը բուժման համար դիմում են մասնավոր հոգեբանական կամ հոգեբուժական կենտրոններ, եւ նրանց հաշվառումը գործնականում չի կատարվում: Ավելին՝ դեպրեսիայով տառապող շատերը ընդհանրապես ոչ մի օգնության չեն դիմում, այնպես որ՝ հիվանդության վիճակագրությունն անհնար է կազմել ըստ դիմելիության: Այդ դիմողներն արդեն ինքնասպանության հակվածությամբ ծանր վիճակում գտնվողներն են, որոնք ստացիոնար բուժման կարիք ունեն: Նրա խոսքով՝ Հայաստանում դեպրեսիայի թեթեւ կամ միջին վիճակով դիմելիությունը շատ ցածր է:

«Առողջապահության նախարարությունը նման վիճակագրություն չունի եւ չի էլ կարող ունենալ: Աշխարհում բերվող թվերը ստացվել են զանազան սոցհարցումների եւ հետազոտությունների արդյունքում, սա այն վիճակագրությունը չէ, որն ավանդաբար պատկերացնում ենք: Իսկ լուրջ հետազոտությունների համար փողեր են պետք»,- ասաց նա:

Ի դեպ, Սամվել Թորոսյանը կասկածի տակ առավ Առողջապահության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտության հավաստիությունը, որի արդյունքները բերված էին ԱՀԿ–ի գրասենյակի կողմից լրագրողներին բաժանած մամուլի հաղորդագրության մեջ: Մասնավորապես՝ այս հետազոտության տվյալներով Հայաստանի բնակչության 40 տոկոսը թեթեւ դեպրեսիայի վիճակում է, 2,9 տոկոսը՝ միջին, իսկ 0,1 տոկոսը՝ ծանր: Նա նշեց, որ աշխարհում միջին թիվը 5 տոկոս է, եւ մենք մյուսներից դժվար թե տարբերվենք: «Գոնե այս հարցում չպետք է ձգտել առաջինը լինել»,- կատակով նշեց նա:

Սամվել Թորոսյանի խոսքով՝ ներկայումս դեպրեսիան համարվում է աշխարհում հաշմանդամ դառնալու հիմնական պատճառներից մեկը, իսկ 2020 թվականին կզբաղեցնի երկրորդ տեղը: 2005-ից 2015 թվականներին աշխարհում դեպրեսիայով տառապողների թիվը 18 տոկոսով աճել է եւ այսօր կազմում է 300-350 մլն մարդ:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն այս տարի Առողջության համաշխարհային օրվա գլխավոր թեմա է անվանել դեպրեսիան, օրվա կարգախոսն է՝ «Եկեք խոսենք»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում