Apple-ը սարք է մշակում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը անկոնտակտ որոշելու համար

13 ապրիլի, 2017  19:19

Ամերիկյան Apple կորպորացիան աշխատանքի է ընդունել մասնագետների խմբի, որը հույժ գաղտնիության պայմաններում զբաղված է սարքի մշակմամբ, որը կարող է դիաբետի բուժման ոլորտում բեկում առաջացնել: Այս մասին հայտնել է CNBC-ն:

Խոսքը հատուկ սենսորների ստեղծման մասին է, որոնք կարող են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը անկոնտակտ եղանակով որոշել: Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ինժեներ-կենսաբժիշկների ոչ մեծ խումբը նախագծի վրա աշխատում է Պաոլո-Ալտո (Քալիֆորնիայի նահանգ) քաղաքի գաղտնի լաբորատորիայում:

Գլյուկոզայի մակարդակը անկոնտակտ չափող սարքի ստեղծման գաղափարը, որի աշխատանքի համար հիվանդի մաշկը ծակելու եւ արյուն վերցնելու կարիք չկա, հասունացնում էր դեռեւս Apple-ի նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը, որը վախճանվել է 2011 թվականին: CNBC-ի տեղեկություններով՝ նման սարքի մշակման համար կորպորացիան ջանքեր է գործադրում արդեն նվազագույնը 5 տարի: Apple-ի նախկին ղեկավարի մտահղացմամբ՝ այն պետք է նման լինի փոխանցող հաղորդիչի, որը մշտապես հիվանդի մոտ է՝ Apple Watch խելացի ժամացույցների նման:

Աղբյուրը հեռուստաալիքին ասել է, որ մեկ տարի առաջ գաղտնի խմբում մոտ 30 մարդ էր աշխատում, սակայն հիմա նրանց թիվը հավանաբար ավելի շատ է, քանի որ Apple-ը վերջին շրջանում ընդունել է կենսաբժշկության ոլորտի առնվազն տասնյակ փորձագետների:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ օպտիկական սենսորները, որի վրա ընկերությունն աշխատում է, կկարողանան գլյուկոզայի մակարդակը որոշել՝ մաշկը պարզապես լուսավորելով: CNBC-ի ենթադրությամբ՝ կորպորացիան, ավելի շուտ, նոր սարքը կհամատեղի Apple Watch-ի հետ, որն այս գաջեթը կդարձնի շուկայում ամենամեծ պահանջարկ ունեցողներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում