Գտնվել է քրոնիկական հոգնածության համաճարակի պատճառը

27 ապրիլի, 2017  11:52

Գիտնականները հայտնաբերել են, թե ինչու է մարդկանց մոտ առաջանում քրոնիկական հոգնածության համախտանիշը: Պարզվում է՝ պատճառը պետք է փնտրել աղիների միկրոֆլորայում: Որոշակի տեսակի բակտերիաների անոմալ մեծ քանակն է մարդուն ստիպում իրեն հոգնած զգալ: Այս բակտերիաները բացահայտել են Նյու Յորքի (ԱՄՆ) Կոլումբիայի համալսարանի գիտնականները:

Քրոնիկական հոգնածության համախտանիշը կամ միալգիկ էնցեֆալոմիելիտը հիվանդություն է, որն արտահայտվում է երկարատեւ հոգնածությամբ, որը չի անցնում նույնիսկ տեւական հանգստից հետո: Հետազոտողների գնահատմամբ՝ միայն ԱՄՆ-ում համախտանիշով մոտ 2,5 մլն մարդ է տառապում: Մինչդեռ մինչ օրս հիվանդության առաջացման ճշգրիտ պատճառն անհայտ է: Որոշ ժամանակ բժիշկները կարծում էին, որ այն հոգեբանական բնույթ ունի:

Հայտնի է որ աղեստամոքսային ուղիներում ապրող բակտերիաները միջնորդավորում են կենտրոնական նյարդային համակարգի եւ մարսողության համակարգի կապերը: Այս պատճառով հետազոտողները որոշեցին ստուգել՝ հնարավո՞ր է, որ միալգիկ էնցեֆալոմիելիտն առաջանա դիսբակտերիոզի հետեւանքով:

Հետազոտությանը մասնակցել են քրոնիկական հոգնածությամբ տառապող 50 մարդ եւ նույնքան առողջ կամավորներ: Վերցվել են նրանց կղանքի նմուշները, որոնք անալիզի են ենթարկվել աղիքային տարբեր բակտերիաների առկայությունը ստուգելու համար: Այս նպատակով նմուշներից առանձնացվել է միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն, որը հետո վերծանվել է:

Պարզվել է, որ քրոնիկական հոգնածությամբ հիվանդների եւ նման հիվանդությամբ չտառապողների բակտերիաների կազմությունն իրարից տարբերվել է: Օրինակ՝ առաջին խմբում Lachnospiraceae-ի եւ Porphyromonadaceae-ի թիվն ավելի փոքր է եղել, քան երկրորդ խմբում: Դրանից բացի, փոփոխություններ են հայտնաբերվել միկրոօրգանիզմների արտադրած նյութերի բաղադրության մեջ: Այսպես՝ նվազել է հագեցած ճարպաթթուների քանակը եւ մեծացել է B վիտամինի խտությունը:

Գիտնականների կարծիքով՝ քանի որ քրոնիկական հոգնածությամբ տառապող մարդկանց մոտ դիսբակտերիոզ է հայտնաբերվել, հենց սա է համախտանիշի առաջացման պատճառը: Հետազոտողները նշել են, որ հետագա հետազոտությունները թույլ կտան մշակել այս վիճակի բուժման մոտեցումներ:

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Microbiome ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում