Տեստոստերոնը խանգարում է տղամարդկանց մտածելուն. հետազոտություն

2 մայիսի, 2017  23:46

Տեստոստերոնի բարձր մակարդակով տղամարդիկ հակված են ինքնաբուխ որոշումներ ընդունել՝ հիմնված ինտուիցիայի վրա, ըստ որում՝ նրանք պատրաստ չեն իրենց սխալն ընդունելուն: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կայքում: Ամբողջական տարբերակը կհրապարակվի Psychological Science գիտական ամսագրի նոր համարում:

Փորձին մասնակցել է 243 տղամարդ, որոնց պատահական ընտրանքի սկզբունքով առաջարկվել է հորմոնի չափաքանակ ընդունել կամ պլացեբո: Այնուհետեւ փորձարկվողներին խնդրել են մաթեմատիկական տարբեր խնդիրների թեստ հանձնել, որը պահանջել է մանրակրկիտ իմաստավորում եւ ստուգում:

Պարզվել է՝ նրանք, ովքեր տեստոստերոնի չափաքանակ են ընդունել, բոլորից ավելի հաճախ են սխալ պատասխանել՝ հենվելով ինտուիտիվ առաջին զգացման վրա: Ըստ որում՝ տղամարդիկ չեն փորձել իրենց որոշումները ստուգել:

Գիտնականները նման օրինաչափությունը պատճառաբանում են նրանով, որ օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի բարձրացման դեպքում տղամարդկանց մոտ ուժեղանում է վստահության զգացումը: Հետազոտողները նշել են, որ երբ մարդը վստահ է, նա համոզված է իր իրավացիությանը, ուստի հակված չէ սխալներն ուղղելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում