Բրոկոլիից պատրաստված հաբը կփրկի կաթվածից

11 մայիսի, 2017  23:48

Բրոկոլիից պատրաստված հաբը, հնարավոր է, կօգնի կանխել կաթվածի հետեւանքով մահվան տասնյակ հազարավոր դեպքեր: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները՝ պրոֆեսոր Ջովաննի Մաննի գլխավորությամբ ենթադրում են, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանի ամենօրյա ընդունումը կարող է էապես  նվազեցնել օրգանիզմի վրա կաթվածի բացասական ազդեցությունը: Հիմա մարդկանցից շատերը ստատիններ են օգտագործում, որպեսզի նվազեցնեն սիրտ-անոթային հիվանդությունների սրման հավանականությունը: Ուղեղի աշխատանքի խանգարումների կանխման համար համանման արդյունք կարող է ունենալ «բրոկոլիի հաբը»: Հետազոտությունը ֆինանսավորում է Սրտային հիվանդությունների դեմ պայքարի բրիտանական հիմնադրամը:

Սուլֆորաֆանն ակտիվացնում է Nrf2 մոլեկուլը, որն, իր հերթին, ստիպում է հյուսվածքներում եւ բջիջներում գործել հակաօքսիդանտային համակարգի գեներին: Այս համակարգը հյուսվածքները եւ բջիջները պաշտպանում է վնասվելուց: Նախկինում արդեն ապացուցվել է, որ սուլֆորաֆանը հակաքաղցկեղային եւ հակաբակտերիալ ազդեցություն ունի: Հնարավոր է՝ 5 տարվա ընթացքում արդեն կներկայացվի նոր դեղը՝ հիմնված նրա լրացուցիչ հատկությունների վրա:

Փորձագետների գնահատմամբ՝ «բրոկոլիի հաբը» կարող է տարեկան մինչեւ 40 հազար մարդու փրկել: Այսպիսի մեկ հաբը փոխարինում է սուլֆորաֆան պարունակող բանջարեղենի՝ բրոկոլիի, բրյուսելյան կամ սովորական կաղամբի 3-5 չափաբաժնին: Հետազոտողները ստուգում են՝ սուլֆորաֆանի նման քանակն իսկապես կարո՞ղ է նվազեցնել ուղեղի արյան զեղումի առաջացման հավանականությունը: Գիտական աշխատանքը պետք է ավարտվի 2018 թվականի փետրվարին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում