Քրքումը կարող է ոսկրային հյուսվածքի խտությունը 7 տոկոսով մեծացնել

12 մայիսի, 2017  13:03

Քրքումը, որն ասիական խոհանոցի հանրահայտ համեմունք է, կարող է ընդամենը 6 ամսում 7 տոկոսով մեծացնել ոսկրային հյուսվածքի խտությունը: Այսպիսով՝ այս համեմունքը կարող է օգնել օստեոպորոզի կանխարգելմանը. հիվանդություն, որի դեպքում ոսկրերի խտության նվազման հետեւանքով մարդիկ հաճախ են բախվում կոտրվածքներին: Այս մասին հայտնում են Genoa University-ի գիտնականները:

Նախորդ հետազոտությունների արդյունքների համաձայն՝ քրքումի մեջ պարունակվող քրքումինը ազդում է ոսկրի ծերացած հատվածներն առանձնացնող բջիջների վրա:

Genoa University-ի հետազոտողները վերլուծել են տղամարդկանց եւ կանանց տվյալները, որոնց ոսկրային հյուսվածքի խտությունը նվազել է: Հետազոտությանը մասնակցած կամավորների միջին տարիքը 70 տարեկանն էր: Հետազոտության սկզբում գիտնականները ուլտրաձայնի միջոցով չափել են մասնակիցների ոսկրերի խտությունը (կրունկների, ծնոտի եւ մատների):

6 ամսվա ընթացքում կամավորներից ոմանք ամեն օր քրքրումով եւ սոյայի լեցիտինով հավելում են ստացել: Նման համադրությունն օգտագործվել է ստամոքսում քրքումի տարրալուծում թույլ չտալու եւ բարակ աղիում նրա յուրացումն ապահովելու համար:

Հետազոտությամբ պարզվել է, որ հավելում ստացած մասնակիցների ոսկրային հյուսվածքի խտությունը 7 տոկոսով մեծացել է: Մասնագետների խոսքով՝ քրքումը նպաստել է օստեոկլաստների՝ ոսկրային հյուսվածքն առանձնացնող բջիջների նորմալ ակտիվության պահպանմանը: Օստեոկլաստների մեծ ակտիվությունը կարող է առաջացնել ոսկրերի խտության նվազում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում