9 պարզ խորհուրդ՝ բնության գրկում հանգիստը կազմակերպելուց առաջ

23 մայիսի, 2017  10:33

Օրերը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում: Սակայն այն երբեմն կարող է ավարտվել առողջության հետ կապված խնդիրներով, որն էլ կխափանի հանգիստը: Նման իրավիճակներից խուսափելու համար ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային Կենտրոնի մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել մի քանի պարզ կանոնների.

1. Շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով: 2. Մի՛ գնեք անհայտ ծագման միս-մսամթերք և այլ շուտ փչացող մթերք այն վայրերից, որոնք նախատեսված չեն առևտրի համար և չունեն համապատասխան ուղեկցող փաստաթուղթ:  3. Խորհուրդ չի տրվում վերցնել կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար:  4. Խմելու համար օգտագործե՛ք շշալցված ջուր:  5. Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործեք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն):  6. Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահել լավ փակվող տարաներում կամ փաթեթավորել պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով: 7. Խորովածի համար օգտագործե՛ք պատրաստի փայտածուխ, սննդի համար՝ մեկանգամյա օգտագործման ափսեներ և այլ պարագաներ: 8. Խորովածը պատրաստե՛ք անմիջապես ուտելուց առաջ: Պետք է հիշել, որ մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործեք համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով:  9. Պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերը լվացե՛ք սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ՝ ցանկալի է օճառով: Ձեռքերը, սպասքը, միրգն ու բանջարեղենը լվացեք խմելու համար նախատեսված կամ շշալցված ջրով: Մի՛ օգտվեք ջրի պատահական աղբուրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում