Հայաստանում այսօր մելանոմայով 502 հիվանդ կա

23 մայիսի, 2017  15:22

2016 թվականի տվյալներով՝ Հայաստանում մելանոմայով 502 հիվանդ կա: Այս մասին լրագրողներին հայտնեցին մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը եւ մաշկաբան Գեւորգ Շաքարյանը:

Մասնագետների խոսքով՝ մելանոմայով հիվանդների թիվը տարեցտարի աճում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: 2005 թվականին Հայաստանում այս հիվանդությամբ տառապող 360 հիվանդ կար, 2010-ին՝ 400, այսօր՝ արդեն 502:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2012 թվականին աշխարհում գրանցվել է մելանոմայի 232 հազար նոր դեպք եւ դրա հետեւանքով մահվան 55 հազար դեպք: Հիվանդությունն ամենից ավելի տարածված է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում:

Հայաստանում ամեն տարի գրանցվում է մելանոմայի մոտ 45-60 նոր դեպք եւ դրա հետեւանքով մահվան 20 դեպք (43 տոկոս): 2014 թվականին եղել է 40 նոր դեպք եւ մահվան 25 դեպք (62 տոկոս): 2013-ին՝ 54 նոր դեպք եւ մահվան 34 դեպք (62 տոկոս): 2012-ին՝ 62 նոր հիվանդ եւ մահվան 31 դեպք (50 տոկոս), իսկ 2011-ին՝ 48 նոր դեպք եւ մահվան 25 դեպք (52 տոկոս):

Ինչ վերաբերում է մարդկանց տարիքային խմբերին, որոնց մոտ մելանոմա է ախտորոշվել, ապա նրանց մեծ մասը 50-69 տարեկանների խմբում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում