«Ամբողջ օրը նստած մահվան եմ սպասում». Հայաստանում տարեցներն ի՞նչ խնդիրների են բախվում

25 մայիսի, 2017  20:44

«Ամբողջ օրը նստած սպասում եմ, թե երբ եմ մահանալու»: Տարեց մարդկանցից ոմանք հենց այսպես են պատասխանում այն հարցին, թե օրվա ընթացքում ինչով են զբաղվում: Նրանցից շատերն իսկապես ոչ մի հետաքրքրություն, ոչ մի զբաղմունք չունեն: Շատերն աղքատության պայմաներում են ապրում, առողջական լուրջ խնդիրներ ունեն, տանից հազվադեպ են դուրս գալիս: Եվ սա այն բոլոր խնդիրները չէ, որոնց տարեցները բախվում են Հայաստանում:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիայի ղեկավար Արթուր Թորոսյանը նշեց, որ Երկրագնդի բնակչությունն ակտիվորեն ծերանում է, եւ պարզապես անհնար է տարեցների խնդիրներն անուշադրության մատնել: Արդեն այսօր աշխարհում մոտ 700 մլն մարդ 60 տարեկանից մեծ է: Սպասվում է, որ 2050 թվականին աշխարհում տարեցներն ավելի մեծաթիվ կլինեն, քան մինչեւ 15 տարեկան երեխաները:

Ըստ որում՝ տարեցներն ամեն օր բախվում են մի շարք լուրջ խնդիրների ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Նման խնդիրներից մեկը խտրականությունն է. տարիքի հետ կապված խտրականությունը ձեռք ձեռքի է ընթանում ռասայական, կրոնական, սեռական եւ խտրականության այլ ձեւերի հետ, որի ազդեցությունը հասարակության վրա նույնպես կործանարար է:

Մյուս, ոչ պակաս կարեւոր խնդիրներն են աղքատությունը, բռնությունը՝ ֆիզիկական եւ էմոցիոնալ: Տարեցների մոտ 3-10 տոկոսը բռնության զոհ է դառնում, սակայն նման 5 դեպքից միայն մեկն է գրանցվում: Դրանից զատ, մասնագիտացված մեծ թվով ծառայություններ տարեցներին շատ հաճախ անհասանելի են ծերանոցների, ապաստարանների, խնամքի մասնագիտացված կենտրոնների, պալիատիվ օգնություն տրամադրող կենտրոնների բացակայության պատճառով: Նրանք հաճախ զբաղմունք չունեն, չկա մեկը, ում հետ կարող են շփվել: Արթուր Թորոսյանը նշեց, որ այս բոլոր խնդիրների պատճառով Հայաստանում շատ դժվար է տարեցների իրավունքների եւ ազատությունների երաշխավորումը:

Խնդիրների մասին, որոնց Հայաստանում բախվում են տարեցները, Արթուր Թորոսյանը կխոսի Հայ բժիշկների միջազգային 12-րդ կոնգրեսում ելույթ ունենալիս, որը տեղի կունենա մայիսի 31-ից հունիսի 2-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա): Նա ծրագրել է իր ելույթի ընթացքում ներկայացնել նաեւ երկրում գերոնտոլոգիայի (ծերացման վերաբերյալ ընդհանուր գիտություն) խնդիրները: Մասնավորապես՝ Հայաստանում ներկայումս փաստացի գերոնտոլոգներ չկան՝ մասնագետներ, որոնք ուսումնասիրում են ծերացման գործընթացները եւ զբաղվում են տարեցներով: Այս խնդիրը լուծելու համար Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիան նախատեսել է ծրագրի իրականացում, որի շրջանակում մի քանի մասնագետներ պետք է արտասահմանում գերոնտոլոգիայի վերապատրաստում անցնեն եւ վերադառնալով իրենց փորձը փոխանցեն Հայաստանի ուսանողներին, կլինիկական օրիդինատորներին եւ ընտանեկան բժիշկներին: Պատրաստված մասնագետները կկարողանան տարեցների հետ աշխատել պոլիկլինիկաներում, ծերանոցներում եւ այլ կենտրոններում:

Նախագծի շրջանակում նաեւ նախատեսվում է միջազգային մասնագետների մասնակցությամբ գիտաժողովների անցկացում. այս ամենը կօգնի երկրում գերոնտոլոգների պատրաստմանը: Նախագիծը, որը ծրագրվել է անցկացնել Ընտանեկան բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ, արդեն մշակման փուլում է, եւ հեղինակները հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ կկարողանան ֆինանսավորում հայթայթել եւ աշխատանքը սկսել:

Ներկայումս Արթուր Թորոսյանի ղեկավարած ասոցիացիան տարեցներին օգնություն է ցուցաբերում իր հնարավորությունների չափով. բարեգործների նվիրաբերած միջոցների շնորհիվ նրանք վճարում են սնունդի, որոշ միայնակ տարեցների էլեկտրաէներգիայի դիմաց: Դրանից բացի, ասոցիացիայի կամավորները, այսօրվա դրությամբ 110 մարդ, օգնում են տարեցների խնամքին:

Ասոցիացիան փորձում է տարեցների խնդիրների վրա գրավել նաեւ հանրության ուշադրությունը. այսպես՝ մի քանի ամիս առաջ Երեւանում «Մոռացված էջեր» լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպվել, որին ներկայացվել էին մարդկանց լուսանկարներ եւ պատմություններ, որոնք ժամանակին հասարակության նշանակալի անդամներ են եղել, բայց հիմա բոլորի կողմից մոռացված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում