Գիտնականներն ուղեղում հայտնաբերել են շատակերության «միացուցիչը»

28 մայիսի, 2017  18:58

Նեյրոֆիզիոլոգները մկների ուղեղում հատուկ շրջան են հայտնաբերել, որի հարկադիր միացումը, փաստորեն, կրծողին ակնթարթորեն ստիպում է կատաղի կերպով սնունդն ուտել նույնիսկ այն դեպքում, երբ արդեն կուշտ է, նշված է Science-ում հրապարակված հոդվածում:

«Այս շրջանի նույնիսկ նվազագույն խթանումը բերում է ավելորդ քաշ հավաքելուն: Ենթաթալամուսում անորոշ գոտու ընդամենը 10 րոպե տեւողությամբ խթանումից հետո մուկը կերել է սնունդի օրվա նորմայի գրեթե երրորդ մասը: Սա ցույց է տալիս, թե ինչու է ուղեղի խորքային խթանումը հաճախ բերում նրան, որ մարդիկ սկսում են պարբերական շատակերությամբ տառապել»,- ասել է Յելի համալսարանից (ԱՄՆ) Էնթոնի վան դեն Փոլը

Վան դեն Փոլը եւ նրա գործընկեր Սյաոբին Չժանը ուղեղի այն շրջանը, որը կապված է շատակերության հետ, հայտնաբերել են հետազոտելով, այսպես կոչված, ենթաթալամուսի աշխատանքը, որը տեղակայված է հիպոթալամուսի ետեւում ու կեղեւի, թալամուսի մյուս հատվածների եւ ողնուղեղի միջեւ կապող դեր ունի: Այս շրջանն այսօր հաճախ օգտագործվում է որպես ուղեղի էլեկտրական խթանման «թիրախ» նյարդային ջղաձգության եւ ուղեղի աշխատանքի այլ խանգարումների դեմ պայքարի ժամանակ:

Հայտնագործության հեղինակները նշում են, որ նման բուժումը հաճախ անսովոր կողմնակի արդյունքներ է առաջացնում՝ հիվանդների մոտ պարբերաբար «կատաղի» ախորժակ է առաջանում, եւ նրանք սկսում են ավելորդ քաշ հավաքել:

Փորձելով հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում, գիտնականները ենթաթալամուսի բջիջները, որոնք հատուկ վիրուսով են վարակել, փորձարկել են մկների վրա, ինչը նրանց թույլ է տվել նեյրոնները հարկադիր «միացնել» եւ «անջատել» լազերի խթանների միջոցով: Այս բջիջների խթանումը իսկապես ցնցող էֆեկտ է առաջացրել՝ մկները կտրուկ փոխել են իրենց վարքը եւ սկսել են սնունդը ջղաձգորեն ուտել լազերը միացնելուց մեկ ակնթարթ հետո՝ նույնիսկ այն դեպքերում, երբ կուշտ էին, եւ մեկ վայրկյան անց սնունդն անտեսել են: Նման խթանման ընդամենը 10 րոպե տեւողության ընթացքում նրանք կերել են սնունդի օրական նորմայի երրորդ մասը, իսկ 40 րոպե հետո հասել են 80 տոկոս նիշին:

Շատակերության այս նոպաների զարգացման պատճառն այն է, որ «անորոշ գոտու» նեյրոնները հիպոթալամուսի հագեցածության կենտրոնում ճնշել են նյարդային բջիջների աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ «շատակերության կենտրոնի» տեւական խթանումը փոխել է մկների սննդային նախապատվությունները եւ նրանց ստիպել է ավելի շատ քաղցր ու յուղոտ սնունդ ուտել, որը կարող է կապված լինել ճարպակալման եւ գեր մարդկանց նյութափոխանակության խնդիրների առաջացման հետ: Այս բջիջների աշխատանքի ճնշումն իր հերթին բերում է մկների քաշի բավականին արագ նվազման, որը կարելի է ապագայում օգտագործել ճարպակալման դեմ պայքարի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում