Բջջանյութով հարուստ մթերքները նվազեցնում են օստեոարթրիտի առաջացման վտանգը

29 մայիսի, 2017  11:53

Մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող մթերքների օգտագործումը նվազեցնում է օստեոարթրիտի՝ հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդության առաջացման վտանգը: Այդ հիվանդությամբ աշխարհում այսօր միլիոնավոր մարդիկ են տառապում: Այս մասին նշում են Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի եւ ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի մասնագետները:

Annals of the Rheumatic Diseases-ում հրապարակված նրանց համատեղ հետազոտությանը, ընդհանուր առմամբ, 6064 մարդ է մասնակցել: Առաջին հետազոտությանը մասնակցող 1268 կամավորներին հետեւել են 9 տարի, իսկ երկրորդ հետազոտությանը մասնակցող 4796 անձին՝ 48 ամիս: Առաջին խմբի կամավորներն օրական միջինը 19 գրամ բջջանյութ են օգտագործել, իսկ երկրորդ խմբինը՝ 15 գրամ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ բջջանյութի օգտագործումը նվազեցրել է օստեոարթրիտի վտանգը: Առաջին հետազոտւթյան մասնակիցները 61%-ով ավելի քիչ են տառապել այս հիվանդությամբ, քան երկրորդ խմբի մասնակիցները, որոնք ավելի քիչ բջջանյութ են օգտագործել:

Հայտնի է, որ բջջանյութն օգնում է նաեւ նվազեցնել քաշը, խոլեստերինի մակարդակը, նպաստում է օրգանիզմի մաքրմանը: Բջջանյութով հարուստ են լոբազգիները, հացահատիկները, կանաչեղենը, դարչնագույն բրինձը, ընկուզեղենը եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում